Քաղաքական

24.04.2021 11:37


«Հաճախ երթի մասնակիցներին մերկացրել են և ստիպել կիզիչ արևի տակ քայլել մինչև որ մահանան»․ Greek City Times-ի անդրադարձը Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

«Հաճախ երթի մասնակիցներին մերկացրել են և ստիպել կիզիչ արևի տակ քայլել մինչև որ մահանան»․ Greek City Times-ի անդրադարձը Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ապրիլի 24-ն այն օրն է, երբ աշխարհը ոգեկոչում է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

«Կոստանդնուպոլսում 250 հայ մտավորականներ և համայնքի ղեկավարներ ձերբակալվեցին և ուղարկվեցին Չանկրի և Այաշ, որտեղ հետո սպանվեցին: Բնաջնջումը շարունակվել է Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում և այդ ամենի հետևանքով կոտորվել են միլիոնավոր հայեր, հույներ և ասորիներ»,-գրված է հունական թերթում։

Անդրադարձում նշված է, որ հայերին դուրս են բերել իրենց տներից և ուղարկել «մահվան երթերի» Միջագետքի անապատով՝ առանց սննդի և ջրի:

«Հաճախ երթի մասնակիցներին մերկացրել են և ստիպել քայլել կիզիչ արևի տակ այնքան մինչև մահանան»,-գրում է Greek City Times-ը։

Թերթը նշել է, որ երիտթուրքերը ստեղծել են «հատուկ կազմակերպություններ», որոնք իրենց հերթին կազմակերպել են «սպանող ջոկատներ» կամ «դահիճների գումարտակներ»՝ «քրիստոնեական տարրերին լուծարելու» համար և այդ ջոկատները հաճախ կազմված են եղել մարդասպաններից և նախկին դատապարտյալներից։

«Նրանք մարդկանց նետել են գետերը, նետել ժայռերից և ողջ-ողջ այրել։ Թուրքացման արշավի շրջանակում առևանգել են երեխաներին՝ իսլամացրել և հանձնել մուսուլման ընտանիքների, բռնաբարել են կանանց և ստիպել միանալ թուրքական «հարեմներին», մուսուլման ընտանիքները բնակություն են հաստատել հայերի տներում և տիրացել նրանց ունեցվածքին»,-գրված է թերթի անդրադարձում։

Greek City Times-ը հավելել է, որ կոտորածները շարունակվել են 1922 թվականին` Զմյուռնիայում։

«1919 թվականի ապրիլի 24-ին փրկված հայ համայնքը Պոլսի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում ոգեկոչման արարողղություն է անցկացրել, որից հետո այդ օրը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օր»,-նշել է հունական թերթը և հավելել, որ 1918 թվականին Ցեղասպանության կազմակերպիչների Գերմանիա փախուստից ի վեր Թուրքիայի իշխանությունները շարունակաբար հերքում են Հայոց Ցեղասպանությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը