Քաղաքական

23.04.2021 14:54


Հնարավոր է՝ նախատեսում են տարածքների զիջումներ, և անհրաժեշտ էր մեկուսացնել հատկապես ակտիվ ընդդիմադիրներին, որոնք ինքնապաշտպանական միջոցների կարող են դիմել․ Գոհար Մելոյան

Հնարավոր է՝ նախատեսում են տարածքների զիջումներ, և անհրաժեշտ էր մեկուսացնել հատկապես ակտիվ ընդդիմադիրներին, որոնք ինքնապաշտպանական միջոցների կարող են դիմել․ Գոհար Մելոյան

Իշխանությունները փաստացի այնքան են լկտիացել, որ անգամ չեն էլ թաքցնում, բացահայտ կերպով ցույց են տալիս, որ գործադիր իշխանության ղեկավարը հրահանգավորում է իրավապահ մարմիններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին վերջին օրերին բողոքի ակցիաների շրջանակում։ Նա նշեց, որ Սյունիքի դեպքերում գործադիր իշխանության ղեկավարը իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ուղղակի հանձնարարություններ էր տալիս, և իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ հոտնկայս զեկուցում էին կոնկրետ քրեական գործերի վերաբերյալ գործընթացները։

«Սյունիքի դեպքերով հարուցված քրեական գործերն ինքնին հակաիրավական, ապօրինի բնույթի են և ազատազրկված անձանց իրավունքները խախտել են։ Նրանց անհապաղ պետք է ազատ արձակվեն և հակառակ դեպքում ՄԻԵԴ կհասնեն այս գործերը»,-ասաց նա։

Ըստ Գոհար Մելոյանի՝ այս ամբողջ գործընթացը հրահրվեց այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը, լավ տեղյակ լինելով, որ Սյունիքի մարզում իրեն չեն ընդունում, իմանալով այնտեղի բնակիչների տրամադրությունները՝ գնաց այնտեղ։

«Ամբողջ պատերազմի ընթացքում համայնքապետները եղել են առաջնագծում և սահմանային պաշտպանությունը ապահովել, հենց Մեղրիի համայնքապետը վիրավորվել է։ Չնայած դրան՝ անգամ հրադադարից հետո գաղտնի կերպով այս իշխող ուժը շարունակել է տարածքներ հանձնել, օրինակ՝ Շուռնուխ գյուղի մի հատվածը հանձնվել է թշնամուն՝ խախտելով մի շարք՝ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ»,-ասաց նա։

Սահմանադրագետը Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցից մի քանի հիմնավոր ենթադրություններ ներկայացրեց, ըստ որոնց՝ հնարավոր է, որ նախատեսում էին Սյունիքի մարզում տարածքային զիջումներ թշնամուն, ուստի գուցե հատուկ տեխնոլոգիա է կիրառվել՝ մեկուսացնել հատկապես ակտիվ ընդդիմադիրներին, ովքեր ինքնապաշտպանական միջոցների կարող են դիմել, կամ երկրորդ՝ կապված է ընտրությունների հետ, քանի որ եթե ընտրություններ տեղի ունենան, արդեն ակնհայտ է, թե ինչ որակի ընտրություններ են լինելու, գործադրվելու են վարչական ռեսուրսներ, ճնշման գործիքները։

«Այդ այցը եղել է թշնամական ղեկավարի այն հայտարարությունից հետո, համաձայն որի՝ նա կարող է տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հնարավոր է՝ տարածքների զիջումներ, ուստի անհրաժեշտ էր այս հեղինակավոր անձանց մեկուսացնել, և հատուկ հրահրվեց այս ամենը, որ մարդկանց ապօրինաբար բերման ենթարկեն և նրանց բացակայությունը ապահովեն՝ կոնկրետ գործընթացներ իրականացնելու համար։ Հնարավոր է՝ նրանց մեկուսացնելը պայմանավորված է նախընտրական գործընթացով»,-պարզաբանեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը