Կարծիք

02.06.2011 20:15


Եթե X =Y , ապա…

Եթե X =Y , ապա…

Վերջերս երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի են ունենում ոմանց համար անակնկալ, իսկ ոմանց համար էլ բավականին պարզ և կանխատեսելի պրոցեսներ:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն երրորդ տարին անընդմեջ կրկնում է այն մասին, որ իրենք անում են ամեն հնարավորը, որպեսզի մտնեն իշխանության հետ երկխոսության մեջ: Նա դա հաստատեց ս.թ. մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ, մասնավորապես ասելով.  «երկխոսության մասին մենք ոչ թե նոր ենք արտահայտվում, այլ այդ գաղափարն ընկած է հենց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին 2008թ. օգոստոսի 1-ին ընդունված հռչակագրի հիմքում։ Ավելին, երկխոսության գնալու պատրաստակամության մասին ես հստակորեն արտահայտվել եմ նույնիսկ դրանից առաջ, նույն թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանում արած իմ հայտարարության մեջ»: Այնուամենայնիվ այսպես կոչված լևոնական զանգվածը շարունակում է պնդել  այն մասին, որ չկա  ոչ մի երկխոսություն իշխանության և ՀԱԿ-ի միջև կամ նրանցից ոմնաք էլ պնդում են, թե Լևոնը մի բան գիտի էլի, որ գնում է նման քայլերի՝ համարելով նրան լուրջ և խելացի քաղաքական գործիչ: Այս զանգվածի նման պահվածքը շատ պարզ է և հասկանալի և այն կարելի է անվանել պաշտպանական: Բացատրեմ, թե ինչու հենց պաշտպանական:

Եթե հիշում եք, մի ժամանակ լևոնականները հայհոյում էին երեք հոգու, այդ թվում Սերժ Սարգսյանին՝ գոչելով «Ո՛չ, սերժանտացմանը»։ Հիմա, փաստորեն դուրս է գալիս, որ մի քանի տարի առաջ մարդիկ դեմ էին սերժանտացմանը, իսկ այժմ նրանք համագործակցում են կամ, այլ կերպ ասած, երկխոսում են իրենց համար ժամանակին այդքան ատելի Սերժ Սարգսյանի հետ: Ճիշտ են ասում. շատ մի՛ ատիր, սիրել կա:

Իսկ զանգվա՞ծը։ Զանգվածը, կարելի է ասել, որ խաբվեց: Իսկ ի՞նչ է անում խաբված մարդը. միայն մեկ բան՝ նա պաշտպանվում է և փորձում ոչ միայն ինքն իրեն, այլ նաև շրջապատին համոզել, որ ինքը հիմար չէ և որ իրեն չեն խաբել:

Իր «ամպագոռգոռ» ելույթով Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ այդ զանգվածը խաբված է: Խաբված է, որովհետև ընտրել է մի առաջնորդի, ով ոչնչով չի տարբերվում նրանց կողմից այդքան ատելի Սերժ Սարգսյանից:

Առիթներ եղել  են գրելու համար այն մասին, թե ինչ կողմերով են նրանք այդքան նման իրար: Նմանության շարքում կարելի է ներառել նաև հետևյալ փաստը: ՀԱԿ առաջնորդը իր նախաձեռնողական քաղաքականությունը իշխանության հետ երկխոսելու առիթով սկսելուց, հայտարարեց երեք պայմանների մասին ,և որ միայն  դրանց լիարժեք իրագործման դեպքում  նրանք կերկխոսեն  իշխանության հետ: Չնայած նրան, որ դեռ երկու քաղաքական բանտարկյալ ազատված չեն, բայց այնուամենայնիվ ՀԱԿ առաջնորդը պարզ հայատարարեց իշխանության հետ նրանց երկխոսության պատրաստակամության մասին: Նույն երևույթին մենք ականատես եղանք հայ-թուրքական նախաձեռնողական քաղաքականության շրջանակներում, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ կմեկնի Թուրքիա ֆուտբոլը «վայելելու» միայն երբ սահմնանը կլինի բաց կամ պատրաստ կլինի բացվելուն: Չնայաց նրան, որ Թուրքիան բացահայտ ցույց էր տալիս, որ սահմանը չի բացվելու, այնուամենայնիվ նախագահը մեկնեց:

Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր պատվիրակություններ ստեղծելու մասին, որպեսզի երկխոսության գործընթացը ավելի հարթ ընթանա: Իսկ ինչպես հիշում ենք, հայ-թուրքական արձանգրությունների կետերից մեկը պահանջում էր ստեղծել պատմաբանների հանձնախմբեր, որոնք պետք է ավելի հեշտացնեին ցեղասպանության հարցի քննարկումը երկու կողմի համար:

Այս և մի շարք այլ նմանությունները թույլ են տալիս մեզ կազմել հետևյալ հավասարությունը. Սերժ Սարգսյան=Լևոն Տեր-Պետրոսյան հետևաբար, եթե չեք նախընտրում Սերժ Սարգսյանին որպես նախագահ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանին մեխանիկորեն պետք է դուրս հանեք ձեր նախագահի թեկնածուների շարքից և հակառակը:

Ինչպես եղավ հայ-թուրքական քաղաքականության ժամանակ, այնպես էլ կլինի  Սերժ-Լևոն «նախաձեռնողական» քաղաքականության ժամանակ:

Հարություն Խաչիկյան

Այս խորագրի վերջին նյութերը