Քաղաքական

22.04.2021 17:32


Գորիսի փոխհամայնքապետին ՔԿ-ում պատճառվել են մարմնական վնասվածքներ. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Գորիսի փոխհամայնքապետին ՔԿ-ում պատճառվել են մարմնական վնասվածքներ. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։

«Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ուղարկվել են նաև լուսանկարներ»,-ասաց Իրինա Յոլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 22–ին, կեսգիշերն անց Մենուա Հովսեփյանին ոստիկանները բերման են ենթարկել։ Իրինա Յոլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունեն, թե որ ուղղությամբ են նրան տարել։ Այդ մասին անգամ նրա փաստաբանները չգիտեին։

Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ ևս մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։

Նշենք, որ երեկվանից հետո ոստիկանները բերման են ենթարկել նաև Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին և Շուռնուխ համայնքի նախկին ղեկավար Արարատ Աղաբեկյանին։ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը