Քաղաքական

02.06.2011 16:36


Ն. Փաշինյան. «Քաղաքականության մեջ ժամկետներ ասելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»

Ն. Փաշինյան. «Քաղաքականության մեջ ժամկետներ ասելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»

Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ հերթական ընտրություններին։ Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում լրագրողներն այս հարցն են հղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։

–Քաղաքականության մեջ կարևորը բարձր նպատակներն են։ Ինձ համար իմ քաղաքական գործունեության նպատակն այն Հայաստանն է, որտեղ իրականությունը, իրողությունները 100%–ով համապատասխանում են այն սահմանումներին, որոնք առկա են ՀՀ Սահմանդրության մեջ։ Երբ, ենթադրենք, ինչ–որ ժամկետում այդ նպատակաները չեն իրագործվում, չի նշանակում, թե դրանք դադարում են նպատակ լինելուց։ Երբ մենք ասել ենք, որ պայքարելու ենք այդ նպատակի համար մինչև վերջ, չի նշանակում մինչև սեպտեմբերի վերջ կամ մինչև դեկտեմբերի վերջ։ Մինչև վերջ նշանակում է պայքարել այնքան, մինչև այդ իրողությունների հստակ նպատակներն իրագործված լինեն,–պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։–Ես ի՞նչ նկատի ունեմ ազատ և երջանիկ Հայաստան ասելով. նկատի ունեմ, որ իշխանությունը ոչ միայն ձևավորվում է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, այլև գործող իշխանությունները հեռանո՛ւմ են ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով։ Եթե ՀԱԿ–ն առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններով գա իշխանության, երկրում հաստատվի խոսքի ազատություն, տնտեսական վիճակը բարելավվի, արտաքին քաղաքական ասպարեզում հաջողությունների հասնի, ես չեմ համարի, թե ՀԱԿ–ը կատարել է իր քաղաքական և պատմական առաքելությունը։ ՀԱԿ–ի քաղաքական և պատմական առաքելությունը կատարված կհամարեմ այն ժամանակ, երբ ՀԱԿ–ն ինչպես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով եկել է իշխանության, այնպես էլ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով հեռանա իշխանությունից,–պատասխանել է նա։

«Իսկ ե՞րբ է այն վերջնաժամկետը, երբ ՀԱԿ–ը կհասկանա, որ արտահերթ ընտրությունների ժամկետը սպառվել է» «7օր»–ի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

–Քաղաքականության մեջ ժամկետներ ասելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Ես կարող եմ ասել, որ արտահերթ ընտրությունների համար նո՛ւյնպես պայքարելու եմ մինչև վերջ։ Իսկ մինչև վերջը մինչև հերթական ընտրությունների գալն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը