Կարծիք

02.06.2011 15:22


Եւ եկան նոր ժամանակներ

Եւ եկան նոր ժամանակներ

Արամ Կարապետյանն այնքան ասաց, թե գալու են նոր ժամանակներ, որ այն իրականություն դարձավ: Եթե մինչեւ մայիսի 31-ը դեռ մի ստվար զանգված հույս ուներ, թե այդ նոր ժամանակները գալու են ազատ եւ արդար ընտրություններից հետո, ապա Հայ ազգային կոնգրեսի վերջին «հուժկու» հանրահավաքի ընթացքում գրեթե բոլորը, չհաշված մի քանի ֆանատիկոսների, հասկացան, որ նոր ժամանակներն արդեն եկել են, եւ որ այդ նոր ժամանակներում քաղաքական դաշտը արմատական փոփոխության ենթարկվեց, քաղաքական ուժերի ծրագրերի եւ նպատակների հետ միասին:

Որքան էլ ՀԱԿ առաջնորդները ջանացին հանրահավաքը շոուի կամ շքահանդեսի վերածելով ապահովել մեծ թվով մարդկանց ներկայությունը, որքան իշխանությունները ջանացին արագորեն վերացնել «Գոհար» համույթի համերգի հետքերը, որքան Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները ջանացին հետաքրքրություն առաջացնել հանրահավաքի նկատմամբ, այսուհանդերձ, շքահանդեսի մասնակիցների թիվն աննախադեպ քիչ էր: Բնականաբար, սա չէր կարող չանհանգստացնել հանրահավաքի կազմակերպիչներին, որոնք արդեն հասկանալով, որ քաղաքական հողն իրենց ոտքերի տակից գնում է, իրար հերթ չտալով՝ ժողովրդին կոչ էին անում մասնակցել հաջորդ հանրահավաքին: Իսկ ինչո՞ւ մասնակցեն, երբ արդեն ջերմ «երկխոսություն» է սկսվել, երբ ժողովուրդն այլեւս անելիք չունի, բացի ՀԱԿ-ի եւ վարչախմբի ձեռքին գործիք դառնալուց: Մի՞թե պետք է մասնակցել հանրահավաքին, իմանալու համար, թե ՀԱԿ-ից ովքեր են ջերմ զրուցել կամ զրուցելու Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների հետ: Կարծում եմ, դրա համար հանրահավաք հրավիրելու կարիք չկա:

Ստեղծված իրավիճակում որքան ՀԱԿ առաջնորդները շեշտում են, թե իրենց վերջնական նպատակը ազատ եւ երջանիկ Հայաստանն է, այնքան ավելի են նմանվում խորհրդային երկրի կոմունիստ առաջնորդներին, որոնք տեղի անտեղի հայտարարում էին, թե իրենց վերջնական նպատակը լուսավոր ապագայի` կոմունիզմի կառուցումն է:

Եթե երեք տարի առաջ ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցողները փորձում էին կազմաքանդել ավազակապետական բուրգը, եւ դա շատ նորմալ էր, ապա հիմա ժողովրդին փորձում են համոզել, թե ազատ եւ երջանիկ Հայաստանին հնարավոր է հասնել ավազակապետական բուրգի հետ «երկխոսելով»: Իհարկե, հիմա այլեւս չեն օգտագործում ոչ ավազակապետություն, ոչ էլ բուրգ բառերը: Հասկանալի է, որ «երկխոսության» ժամանակաշրջանում նման բառեր չի կարելի օգտագործել:

Մի տեսակ զավեշտի է նմանվում, երբ նույն ՀԱԿ առաջնորդները, դեմքին լուրջ արտահայտություն տալով, ասում են, թե սկսում են նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ սկսելու գործընթաց: Մնում է կռահել, թե նրանք հավատո՞ւմ են, որ կգտնվեն մարդիկ, որ կհավատան այս հայտարարությանը: Մի՞թե արտահերթ ընտրությունների գործընթացը սկսելու համար պետք է «երկխոսել» վարչախմբի հետ, որը լսել անգամ չի ուզում արտահերթ ընտրությունների մասին: Մյուս կողմից հարց է առաջանում, թե մինչեւ հիմա ՀԱԿ-ն ինչ գործընթացների մեջ էր, եթե նոր-նոր են սկսում արտահերթ ընտրությունների գործընթացը: Մի խոսքով, ՀԱԿ առաջնորդները ընկել են իրենց իսկ պատրաստած ծուղակը:

Անկասկած, երկխոսության միջոցով հնարավոր է հաղթահարել ճգնաժամը, բայց «երկխոսություն» էլ կա, որ ավելի է խորացնելու ճգնաժամը: Այն խաղը, որ սկսել են Սերժ Սարգսյանը եւ ՀԱԿ-ը միանշանակ ծանր հետեւանքներ է ունենալու մեր երկրի համար:

Երբ «երկխոսության» սեղանին հստակ օրակարգ չկա, երբ «երկխոսությունը» տեղի է ունենում ժողովրդի թիկունքում, երբ «երկխոսության» իրական նպատակը խմբային նեղ շահերի սպասարկումն է, ապա նման «երկխոսություն» մեզ պետք չէ:

Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ նույն Լեհաստանում, եթե 80-ականների վերջերին «Համերաշխության» առաջնորդները կոմունիստական իշխանությունների հետ սկսեին երկխոսել ճիշտ այնպես, ինչպես հիմա «երկխոսում» են Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերը:

Բարեբախտաբար, ստացվեց այնպես, որ Կոնգրեսը սպասվածից շատ ավելի շուտ ցույց տվեց իր իրական նպատակները, եւ սա միայն դրական դեր կարող է խաղալ: Նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեին, նրանք, ովքեր մինչեւ վերջ չէին գիտակցում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ՀԱԿ-Սերժ Սարգսյան դաշինքը, հիմա խորությամբ հասկացան իրավիճակի ողջ լրջությունը, եւ բնականաբար, ճիշտ հետեւություններ անելու դեպքում՝ հնարավոր կլինի կանխել այն աղետը, որ մեզ սպասվում է:

Պատմաբաններն ապագայում դեռ կգնահատեն այս «երկխոսոսւթյան» դերն ու նշանակությունը, իսկ այսօր մենք ոչ թե պետք է գնահատականներ տանք, այլ կոնկրետ քայլերով փորձենք քաղաքական դաշտում արմատական տեղաշարժեր իրականացնել, որ երկիրը չկանգնի կոտրած տաշտակի առաջ: Դժվար չէ կռահել, թե ինչ է լինում, երբ ամենամեծաքանակ ընդդիմության առաջնորդները սկսում են համագործակցել վարչախմբի հետ, այն վարչախմբի, որի հեռացման համար նրանք համախմբել էին հանրության լայն շերտերի:

Հիմա Կոնգրեսի հեղինակությունը մոտենում է զրոյին: Բնականաբար, Կոնգրեսը դեռ որոշ ժամանակ փորձելու է ժողովրդին համոզել, թե ներկայացնում է լայն զանգվածների շահերը, որ այս «երկխոսությունը» բխում է հենց իմաստուն հայ ժողովրդի շահերից, բայց ամեն ինչ արդեն պարզ է: Որքան էլ Կոնգրեսը հայտարարի, թե շարունակելու են հանրահավաքները` արտահերթ ընտրություններին հասնելու համար, ժողովուրդն արդեն գիտակցում է, որ նույն այդ հանրահավաքները Կոնգրեսին պետք են բացառապես Սերժ Սարգսյանի հետ «երկխոսելու» ժամանակ ավելի բարձր բազկաթոռին նստելու համար:

Մայիսի 31-ի հանրահավաքը դարձավ ոչ թե Կոնգրեսի բարոյական եւ իրական հաղթանակը, այլ խայտառակ պարտությունը:

Կոնգրեսականներն արդեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ են դարձել եւ այնքան են գովերգում գործող վարչախմբին, որ հայտարարում են, թե Ադրբեջանը եւ Վրաստանը ժողովրդավարության կառուցման գործում ետ են մնում Հայաստանից:

Հայաստանում այժմ այնպիսի իրողություններ են, որ նրանք, ովքեր դուրս են մնացել վարչախումբ-Կոնգրես դաշինքից, պետք է կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը, ճիշտ քայլեր կատարեն, Հայաստանն իսկապես կանգնի զարգացման ճանապարհի վրա: Բոլորի համար էլ պարզ է, որ եթե վարչախմբի եւ ՀԱԿ-ի ծրագիրն իրականություն դառնա, ապա Հայաստանն անդունդի խորքից այդպես էլ չի կարողանա վեր բարձրանալ: Այս ամենի լուսավոր կետն այն է, որ այս համաձայնությամբ իրականում թուլացավ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Լեւոն տեր-Պետրոսյանը, չնայած նրանց ետեւում կանգնած միջազգային ուժերին: Իսկ եթե նրանք թուլացել են, ապա պետք է պարզապես նրանց օգնել հնարավորին չափ շուտ եւ առանց ցնցումների լքել քաղաքական դաշտը, դա բխում է բոլորի, այդ թվում եւ վերջիներիս շահերից:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը