Լրահոս

21.04.2021 10:28


Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի հսկայական խաչի մոտ բախվել են Mercedes և Range Rover մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի հսկայական խաչի մոտ բախվել են Mercedes և Range Rover մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:10 սահմաններում Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում, բախվել են Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Գոռ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի և 37-ամյա Արտյոմ Աբելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ Բ․ Կիրակոսյանի որոշամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Գ․ Հակոբյանը մահացել է, իսկ Ա․ Աբելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում, ցանկանում ենք, որպեսզի տեղադրվեն կամ արագաչափ, կամ արհեստական անհարթություններ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ «վայ» վարորդների համար, ովքեր ավտոմեքենաներն այնպես են վարում, որ նույնիսկ կնախանձի Շումախերը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու մեր խնդրանքն է, որպեսզի պատկան մարմինները այդ խնդիրը լուծեն։ Այդ փողոցով ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ են անցնում, այլ նաև երեխաներ, և խնդրում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծեն, ինչը մեծ լավություն կլինի բնակիչներիս, հակառակ դեպքում, եթե արագաչափ կամ արհեստական անհարթությունները չտեղադրեն, վթարները կշարունակվեն»։

Այս խորագրի վերջին նյութերը