Քաղաքական

20.04.2021 20:30


Սյունիքում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԱՄՆ դեսպանը

Սյունիքում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԱՄՆ դեսպանը

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցով մեկնել է Սյունիք, նա Կապան կհասնի կեսգիշերին մոտ։ Սյունիքում ոչ ոք տեղեկացված չէր այս այցի մասին եւ իմանալով, մարդիկ տագնապած են եւ տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Դրանցից մեկն այն է, որ Փաշինյանը գնում է գիշերային ինչ-որ հանդիպման՝ սահմանի վրա։

Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր է Սյունիքում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ երեկվանից Սյունիք է մեկնել նաեւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա երեկ Սիսիանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել, հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով եւ ներկայացրել է «ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում»։

Սիսիանի համայնքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից իմացանք նաեւ, որ դեսպանը «հետաքրքրվել է նաև Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ, արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն»:

Սյունիքում կարծում են, որ բոլորովին պատահական չէ, որ միաժամանակ Սյունիքում, հայտնվեցին ՀՀ ղեկավարներն ու ԱՄՆ դեսպանը, նրանք վատ կանխազգացումներ ունեն իրենց մարզի նկատմամբ այս անսպասելի հետաքրքրության հետ կապված»։

Այս խորագրի վերջին նյութերը