Մեկնաբանություն

20.04.2021 14:50


նիկոլը Հայաստանն ու ռազմագերիներին դարձրել է մանրադրամ այլոց խաղերում

նիկոլը Հայաստանն ու ռազմագերիներին դարձրել է մանրադրամ այլոց խաղերում

Լրահոսն, առանց չափազանցության, հեղեղված է ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների վերադարձի հարցը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգ մտցնելու վերաբերյալ լուրերով, հայտարարություններով, հարցազրույցներով, հրապարակումներով:

Ի՞նչ է «քաղում» սովորական, ինչպես ասում են՝ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին այդ աղմկահեղեղից: Լրահոսի աղմուկի տակ ընկած, իր օրվա հացի խնդրի վրա կենտրոնացած, սոցիալական ծանր վիճակում, ի լրումն՝ արյունագաղջ ու անտանելի բարոյահոգեբանական միջավայրում գոյատևող սովորական քաղաքացին, ամենայն հավանականությամբ, ֆիքսում է այն, որ ինչ-որ շատ կարևոր միջազգային ատյանում մեր գերիների հարցն են բարձրացրել: Դա, իր հերթին, ձևավորում է որոշ սպասումներ, թե կարող է այդպիսով հարցը լուծվել, և Բաքվի կողմից գերի պահվող տղաները վերադառնան:

Զուգահեռաբար, հատկապես նիկոլական քարոզիչները և սորոսաթուրքական շրջանակները, ինչպես միշտ՝ ձայն ձայնի ու ձեռք ձեռքի տված, ակտիվորեն շրջանառում են ագրեսիվ հակառուսական տրամադրություններ սերմանող կաղապարներ՝ շահարկելով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության քվեարկության պահը:

Արագորեն դիտարկենք այս բազմաշերտ խնդրի մի քանի էական դրվագներ:

Առաջինը. ԵԽԽՎ-ն արդյոք այն կառո՞ւյցն է, որը կարող է ռազմագերիների վերադարձի հարց լուծել: Ո՛չ, ԵԽԽՎ-ն հաստատապես այդ կառույցը չէ, առավել ևս կոնկրետ այս դեպքում, քանզի որքան հայտնի է, ռազմագերիների հարցը զուտ քննարկման (դեբատների) ձևաչափով է ընդգրկված օրակարգ, իսկ քննարկումներից հետո որևէ բանաձևի ընդունում չի նախատեսվում:

Եթե նույնիսկ բանաձև ընդունվեր, որը ենթադրեր ԵԽԽՎ-ի կողմից քաղաքական ճնշում Ալիևի, առհասարակ, ադրբեջանական իշխանությունների վրա, ապա միևնույն է, դա չէր երաշխավորի գերիների վերադարձը: Միաժամանակ, իմանալով, թե ինչ հակամարդկային և ստոր երևույթի հետ գործ ունենք՝ ի դեմս նույն Ալիևի, ընդհանրապես, թուրքերի ու ադրբեջանցիների, շատ հավանական է, որ նման բանաձևից հետո նրանք պարզապես կսկսեն սպանել գերիներին: Ու, շատ հավանական է նաև, որ Հայաստանի պաշտոնական՝ նիկոլական Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կողմից ԵԽԽՎ-ում հարցի բարձրացումը կանդրադառնա Բաքվում պահվող մեր գերիների առանց այդ էլ անտանելի պայմանների վրա՝ դրանց վատացման առումով:

Երկրորդ. ԵԽԽՎ-ն, որը քար լռություն է պահպանել, ըստ էության տեղից «ժաժ չի եկել» թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ այդ շրջանում ադրբեջանական թուրքերի կողմից պատերազմական հանցագործությունների դիմելու, անմարդկային դրսևորումների, վիրավորներին, գերիներին խոշտանգելու, զոհվածների մարմինները ծանակելու, մարդկանց մորթելու և մյուս բոլոր, ի տես աշխարհի կատարված վայրագությունների կապակցությամբ, հիմա, փաստորեն, նիկոլական ԱԺ պատվիրակության միջոցով, հնարավորություն է ստանում որոշ չափով ռեաբիլիտացնել իրեն: Բացի այդ, տարբեր եվրոպատգամավորներ մի երկու սրտաճմլիկ ելույթ ունենալու, «խեղճ ու կոտորված» հայերին պաշտանելու կամ նմանօրինակ այլ դրսևորումների առիթ են ստանում:

Երրորդ. գոնե օրակարգային կետերի տրցակում ռազմագերիների հարցը տանում ու նշում են Նավալնու ձերբակալման հարցի հետ, որին, պարզ է, որ Ռուսաստանը պիտի դեմ լիներ: Չնայած, կան տեղեկություններ, որ հարցերն առանձին են քվեարկվել: Բայց ամեն դեպքում, պետք է հասկանալ, թե նախ, ինչո՞ւ է Ռուսաստանի պատվիրակությունը ռազմագերիների հարցով այնպես քվեարկել, որ Հայաստանը զավթած սորոսաթուրքերը ղզղնել են, երկրորդ՝ հետաքրքիր է, թե Նավալնու հարցով Հայաստանի պատվիրակությունն ու հատկապես նիկոլական Ռուբինյանն ինչպե՞ս են քվեարկել:

Ինչևէ, փաստն այն է, որ նիկոլական, սորոսաթուրքական քարոզիչները կենտրոնացել են ոչ թե բուն՝ ռազմագերիների վերադարձի հարցի վրա, այլ Ռուսաստանի քվեարկության, և կատաղի հակառուսական քարոզչություն են ծավալել:

Առհասարակ, նիկոլական ճղճիմության արտահայտիչները հատկապես վերջին շրջանում մի այլ կարգի կատաղի հակառուսական քարոզչություն են տանում: Հատկանշական է, որ դա Պուտինի հետ իրենց կուռքի հանդիպումից հետո առավել ցայտուն է արտահայտվում, ինչը որոշակի ենթադրությունների տեղիք, իհարկե, տալիս է:

Այս առումով, ի դեպ, հատկանշական է, նիկոլական մի ուսապարկի օրերս արած հայտարարությունը, թե գերիների վերադարձի վերաբերյալ հարցերը Ռուսաստանի դեսպանին տվեք: Այդպես էլ ուզում ես նման անհեթեթություններին հակադարձել. ի՞նչ է, ձեր կտերը կերած ու հիմարացած զանգվածները ՌԴ դեսպանի՞ն, թե՞ Պուտինին են 80 տոկոսի չափ ձայն տվել: Ու ընդհանրապես, եթե բոլոր հարցերը Ռուսաստանի դեսպանին կամ Կրեմլին պիտի տրվեն, տո դո՞ւք ինչացու եք, ո՞ւմ ծովաբողկին եք պետք: Ձեր ձրիակերության պարգևավճարները ձեզ տան, հարցերը ՌԴ դեսպանի՞ն:

Չորրորդ. ռազմագերիների հարցը ԵԽԽՎ տանելով՝ նիկոլ փաշինը փորձում է հանրությանը ցույց տալ, թե ինքն զբաղվում է, հետաքրքրվում է այդ հարցով: Դե, իհարկե, հազարավոր երիտասարդների զոհվելու հիմնական մեղավորը հետաքրքրվո՜ւմ է: Երևի այնպես, ինչպես իր կեղծավոր, «դերասանական» ժեստերն են՝ զոհվածների շիրիմների մոտ...

Մի խոսքով, հազիվ թե ԵԽԽՎ-ն ռազմագերիների վերադարձի հարց լուծող կառույց է, բայց Խորհրդարանական վեհաժողովի դահլիճը անկասկած, այդ հարցով իրենց այլևայլ հարցերը լուծողների հարմար ցատկահարթակ է:

Եթե ուզում եք ռազմագերիների վերադարձի հարց կամ առհասարակ, որևէ հարց լուծել, առաջինը, ինչ պետք է անել՝ նիկոլ փաշինին իշխանությունից հեռացնելն է և իր ամբողջ հանցախմբի հետ կալանավորելը՝ պետական դավաճանության մեղադրանքով: Քանի դեռ նիկոլն է իշխանույան ղեկին՝ Հայաստանն ու ռազմագերիները մանրադրամ են դառնալու բոլորի ձեռքում։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը