Լրահոս

20.04.2021 08:24


Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, տեղեկացնում է armeniasputnik.am–ը։

Վլադիմիր Պողոսյանը պատմել է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ»,–հավելեց Պողոսյանը։

Ասում է` ինքը դեռ մինչև մարտական գործողությունների մեկնարկն էր ասել, որ պատերազմ լինելու դեպքում պետք է անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ է պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված»,–նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով»,–ասել է Պողոսյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը