Քաղաքական

19.04.2021 17:52


Եթե փորձեն կապարակնքումը պոկել և ներխուժել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, դա կդառնա քրեորեն հետապնդելի արարք. Վարդազարյան

Եթե փորձեն կապարակնքումը պոկել և ներխուժել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, դա կդառնա քրեորեն հետապնդելի արարք. Վարդազարյան

Ցանկացած անձ, որը կարող է մտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակ, դա բացառապես ԲԴԽ նախագահն է, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը։

Նշենք՝ քիչ առաջ ArmDaily.am-ին գրել էր, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կոտրել է աշխատասենյակի կապարակնիքը եւ ներխուժել Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։

Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ խորհուրդ չի գնում. «Իմ առանձնասենյակը կապարակնքված է։ Ցանկացած անձ, որը կարող է մտնել այդ սենյակ, դա բացառապես ԲԴԽ նախագահն է, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ աշխատասենյակը եւ ծառայողական մեքենան ԲԴԽ նախագահինն են։ Եթե ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցված են, ապա նա էլ իրավունք չունի օգտվել եւ՛ ծառայողական մեքենայից, եւ՛ աշխատասենյակից։ Այդ իրավունքից չի կարող օգտվել նաեւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը»։

Նա նշեց, որ դա պետք է մնա այդպես այնքան ժամանակ, մինչեւ ԲԴԽ նախագահ ընտրվի։

«Ցանկացած գործողություն կապված այդ աշխատասենյակի հետ, եթե փորձեն կապարակնքումը պոկել եւ ներխուժել, հետագայում դառնում է քրեորեն հետապնդելի արարք»,- նշեց Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

***

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ ներխուժել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։

Մեզ հայտնի դարձավ, որ նա կոտրել է կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք» եւ մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը։

Եւ այսպես Ջհանգիրյանը հասավ իր մուրազին՝ ԲԴԽ նախագահի աշխատասենյակին։

Նկատենք, որ դեռ առավոտյան նա ArmDaily.am-ին հայտնել էր, որ Վարդազարյանին սպասարկող մեքենան հանձնվել է Ջհանգիրյանին, բայց աշխատասենյակը կապարակնքված է ու փակ։

Այս խորագրի վերջին նյութերը