Քաղաքական

19.04.2021 16:29


Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը. Բ․ Ավագյան

Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը. Բ․ Ավագյան

Մենք ունենք թշնամի, որը 25 տարի պատրաստվել է մեզ հետ պատերազմելու, մեր հասարակության մի զանգվածի մեջ եղել է իլյուզիա, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք, բայց մենք խաղաղության մեջ չենք. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԻՊԾ պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե նրա դիտարկմամբ թշնամին գնո՞ւմ է արդյոք խաղաղության հաստատման:

«Ունենք մեր առջև թշնամական պետություն, որի հետ գնում են բանակցություններ, չկան պատերազմական գործողություններ, բայց դա չի նշանակում, որ սկսվում է խաղաղություն, խաղաղությունը սկսվում է, երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվում է: Եթե նա բացում է երեխաների համար մի խաղահրապարակ, որտեղ ներկայացնում է մեր զինվորականներին ոչ պարկեշտ կերպով, ես համարում եմ, որ նա ագրեսիվ թշնամի է»,-ընդգծեց նա:

Հարցին, թե այսօր ընթանում է ԵԽԽՎ-ի նիստը, որտեղ քննարկվելու է նաև գերիների հարցը, մեր ԱԳ նախարարությունն ասում է, որ միջազգային հանրության ճնշումն ուժեղանում է, հույս ունե՞ք, որ այս նիստից հետո Ալիևի դիրքորոշումը կփոխվի, Ավագյանը պատասխանեց.

«Մարտի մեկից Եվրամիության հետ ուժի մեջ է մտել մեր պայմանագիրը, և մենք վերցրել ենք պարտականություններ՝ սառեցնելու և կանգնեցնելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վերաբերյալ, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը, որը գտնվում է կրիզիսում: Պետք է հասարակությանը տեղեկացնել, որ դրանք այնպիսի պարտականություններ են, որոնք շատ լուրջ հետևանքներ կունենան մեր երկրի համար: Այդ համաձայնագրով ՀՀ-ն վերցրել է պարտականություն, որ թույլատրելու է պետական բոլոր կառույցներում ունենալ խորհրդատուներ և ցանկացած անձնավորություն, որն ունի տրամաբանություն, հասկանում է, որ այդ խորհրդատուները լինելու են հատուկ ծառայության աշխատակիցներ, որոնք գալու են և պետական կառույցներին տան խորհուրդներ, և այդ վտանգը, որ սպառնում է Եվրամիության այդ համաձայնագրից, ես գնահատում եմ շատ բարձր, մեծ վտանգ է, դրա համար այդ քննարկումները Եվրախորհրդում պետք է լինեն լայնածավալ»:

Լրագրողի դիտարկմանը, թե ակնարկո՞ւմ է, որ նրանք իրենց շահեր են առաջ տանելու, Ավագյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է բացառել տարբերակը, որ Մեծամորի ատոմակայանը կարող է կանգնեցվել, և դա կարող ենք անել միայն այն ժամանակ, երբ երկրորդը կառուցված լինի, և մենք հասկանանք, որ մեր էներգետիկ և տնտեսական անվտանգությանը վնաս չի հասցվի: Ես համարում եմ, որ Եվրամիությունից ոչ մի խորհրդատու ՀՀ-ին պետք չէ»:

Ավագյանը նշեց, որ ՀՀ-ն է պատասխանատու գերիների վերադարձի համար, և այն հայտարարությունները, որ ՌԴ-ն է պատասխանատու գործընթացի համար, սխալ է. «ՌԴ-ն մեզ հնարավորին չափով աջակցում է որպես միջնորդ, բայց նա չի կրում պատասխանատվություն: Տեսե՞լ եք մի փաստաթուղթ, որ գրված է, որ ՌԴ ձեզ երաշխավորում է, որ ադրբեջանական կողմը բոլոր պարտականությունները կատարելու է»:

Անդրադառնալով Արցախի ականազերծման աշխատանքներին՝ Ավագյանը նշեց, որ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ հարուցվել է քրեական գործ՝ լրտեսություն և հայրենիքի դավաճանություն, ԱԱԾ ստուգում անցկացնելուց հետո բավարար հիմքեր են եղել, որ հարուցվի քրեական գործեր: Հիմա ականազերծման աշխատանքներով զբաղվում են ռուսական խաղաղապահ ուժերը:

Այս խորագրի վերջին նյութերը