Մեկնաբանություն

20.04.2021 10:25


Կդառնա՞ ամբոխը ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ ազգ

Կդառնա՞ ամբոխը ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ ազգ

Արցախյան 1-ին պատերազմի հաղթանակը, անկախ ՀՀ-ի առկայությունը մեզ հնարավորություն տվեցին ազգ դառնալ։ Ավելի ճիշտ՝ պետականաստեղծ ազգ։ Ազգ, որն ունի ընդհանուր նպատակներ, ընդհանուր հույզեր, ընդհանուր ձգտումներ։

Հաղթանակի հնարավորությունից, սակայն, մենք չօգտվեցինք, քանզի քաղաքական վերնախավը հիմնականում փտած էր ու հակապետական։

Երբ ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկածները Ղարաբաղը համարեցին բեռ ու հայաստանցուն համոզեցին, որ իր լավ ապրելուն խանգարում է Ղարաբաղը, քաղաքականությունը դարձավ անբարոյական, իսկ ազգը վերածվեց՝ բզկտված ժողովրդի։

Նիկոլի իշխանությունը հայաստանցի-ղարաբաղցի հակահայկական հակադրություն քարոզողների գործունեության արդյունք էր։ Նիկոլը «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» կոդի հետևանք է, ղարաբաղյան շարժման խեղաթյուրված բանաձևերի տակի մնացորդը։

Նիկոլի շնորհիվ հայաստանցի-ղարաբաղցի թշնամական քարոզչական դիվերսիան դարձավ պետական քաղաքականություն։ Նրա խնդիրը Հայաստանի բնակիչների ամբոխացումն էր և է (ամբոխացած ազգին թշնամին ամենահեշտն է կապիտուլյացիայի ենթարկում)։ Դա է պատճառը, որ բարձրախոսը վերցրած միտինգներ է անում գյուղերում։ Ինքը վարչապետի պաշտոնում է, բայց որպես ճղճղան ընդդիմություն է խոսում գյուղերում։ Ինքն ամբոխացնում է ժողովրդին ու միտինգացնում պետական կառավարումը։

Նիկոլին հաջողվեց 44-օրյա պատերազմի միջոցով վերացնել պետության գաղափարը, վերացնել բանակը, վերացնել ազգին, քանզի ստացվեց, որ հանուն հայրենիքի կռվելու ու զոհվելու իմաստ չկա։

«Հանուն ոչնչի» գաղափարը Նիկոլն ու Աննան հազարավոր զոհերի գնով մտցրեցին Հայաստանի օրակարգ՝ դարձնելով այն միակ գաղափարախոսություն։ Ինչու պահել պետության սահմանները ու ինչու ունենալ բանակ, եթե երկիրը պլանավորված հանձնվում է թուրքին։ Դրա համար էլ զինվորների ծնողները պահանջում են, որ իրենց որդիները չծառայեն Արցախում (տողատակում՝ Սյունիքում) կամ ընդհանրապես չծառայեն։

Նիկոլն ասում է՝ եկեք թուրքի տակ մտնենք, որ ես չդատվեմ, դուք էլ էժան լոլիկ ուտեք։ Ուսապարկերն ու ամբոխը ծափահարում են այս գաղափարին։ Այդ գաղափարի ներքո է Նիկոլն ընտրության գնում։ Ու մինչև ընտրության օրն ինքը պետության փլուզման բոլոր գաղափարները դնելու է շրջանառության մեջ ու ծափեր կորզի։

Եթե այնպես ստացվի, որ դոնբասյան շաբաթը հայկական ուրբաթից շուտ չգա և հունիսի 20–ին, իրոք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, ապա երկընտրանքը պետության ու չպետության մեջ է լինելու։ Որոշվելու է, թե արդյոք ամբոխը կդառնա՞ ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ ազգ։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանը կլինի՞, թե՞ կհանձնվի թուրքին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը