Քաղաքական

17.04.2021 15:00


Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով չէր կարող զբաղեցնել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով չէր կարող զբաղեցնել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դարձյալ դիմել է վարչական դատարան՝ այս անգամ պահանջելով ճանաչել Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Հայցադիմումը վարչական դատարան մուտք է եղել երեկ՝ ապրիլի 16-ին: Գործով պատասխանող են հանդես գալիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին:

Ապրիլի 13-ին կառավարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ՝ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հայտարարության մեջ նշված էր նաև, որ սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը վարչական դատարան դիմել էր նաև իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ Yerevan.Today-ին տված հարցազրույցից հետո։ Թերթի լրագրողը Տ. Խաչատրյանին հարցրել էր, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հրապարակման՝ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել էր ու բացասական պատասխան տվել: Այդ հարցազրույցից հետո հրապարակվեց նախագահի հրամանագիրը՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատելու մասին:

Աղբյուրը՝ Hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը