Մեկնաբանություն

15.04.2021 19:30


Նիկոլ–2020 (+/-)

Նիկոլ–2020 (+/-)

Նիկոլը դեռ վարչապետ է։ Ու քանի որ դեռ +/- վարչապետ է, ԱԺ–ում ներկայացնում էր իր գլխավորած կառավարության իրականացրած ծրագրերի հաշվետվությունը։

Հաշվետվությունները, սովորաբար, լինում են թվերի, համեմատականների ու ապագային միտված միտումների տեսքով։ Նիկոլինը չի կարող այդպիսին լինել, քանզի նա դրական բան չունի ցույց տալու։ Ուստի մնում է լաչառությունը։

Նիկոլը խեղաթյուրել է անցյալը, մղձավանջի է վերածել ներկան ու հարցականի տակ դրել ապագան։ Դա է պատճառը, որ Նիկոլի խոսքը կրկին դեմագոգիայի, ստի, ատելության ոլորտից էր։ Նիկոլը թուրքամետ միտինգ էր անում խորհրդարանի շենքում։

Նրա խոսքն ավելի շատ դուր կգար ադրբեջանական մեջլիսի ունկնդիրներին, քանզի մեր թշնամիներին հաճելի կլիներ լսել հաշվետվություն այն մասին, որ հայերը վերջին պատերազմում տվել են 4.000 +/- 50 զոհ։

Մեր թշնամիներին հաճելի կլիներ լսել, որ Նիկոլը 2020–ին հանձնել է Արցախի 9 շրջան, ներառյալ՝ Շուշին ու Հադրութը։ Նա հանձնել է նաև Արցախի պետականությունը և հարցականի տակ դրել Հայաստանինը։

Նիկոլին 2020–ին հաջողվել է նաև հսկայական զոհեր ապահովել կորոնավարակի մասով։ 1 միլիոն բնակչին ընկած մահերի թվով Հայաստանն առաջինն է տարածաշրջանում ու բոլոր հարևանների համեմատ։

Նիկոլի իշխանության շրջանում շարունակվել է արտագաղթը՝ +/- մի քանի հազարի չափով։ Բնակչության բնական հավելաճը դարձել է մինուս նշանով, այսինքն՝ ավելի շատ մահանում են, քան ծնվում։ Պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում։

Եթե մի բան աճել է Նիկոլի օրոք, ապա Եռաբլուրում գերեզմանների թիվը։ Այն էլ՝ կտրուկ։

Ու որպեսզի այս կործանարար ընթացքը կասեցվի և մենք խաղաղ, զարգացող, անվտանգ ապագա ունենանք, պետք է 2021–ին վռնդել Նիկոլին։ Այսինքն՝ հանդուրժել նրա գոյությունը +/- 3 ամիս։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը