Քաղաքական

15.04.2021 16:06


«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. նախարար

«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. նախարար

Հայաստանի Հանրապետություն ներկրված՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca» Պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է»,-ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը ներկայացրեց, որ իրենց կողմից այժմ աշխատանքներ են իրականացվում հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար:

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Ամերիկյան FDA-ն, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում:

Այս խորագրի վերջին նյութերը