Կարծիք

01.06.2011 17:30


Ի՞նչ է պատասխանելու Սերժ Սարգսյանը

Ի՞նչ է պատասխանելու Սերժ Սարգսյանը

Մայիսի 31-ի «Առավոտ» օրաթերթում կարդացի տեղեկատվություն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու հունիսի 20-24-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում և պատասխանելու է պատվիրակների հարցերին:

Ինչ խոսք, գործող նախագահի ելույթի առանցքը կազմելու է իշխանությունների կողմից Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված քայլերի և «հաջողությունների» թվարկումը` Վենետիկի հանձնաժողովի բովով անցած նոր Ընտրական օրենսգիրքը, մարտի 1-ի գործով լրացուցիչ քննություն սկսելը, հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի լուծման իշխանական տեսլականը և այլն: Իհարկե, առանձնահատուկ շեշտադրում կկատարվի Համաներմանն ու քաղբանտարկյալներին ազատ արձակելուն` այն ողջունած միջազգային կառույցների դրվատանքների մեջբերմամբ:

Հնարավոր հարցերի մեծամասնությունը, ըստ իս, նույնպես վերոնշյալ թեմաներին կառնչվի, որոնց կոալիցիայի ղեկավարը գուցե կարողանա նվազ կամ առավել բավարար (սեփական թիմի համար) չափով պատասխանել: Բայց Սերժ Սարգսյանը հաստատապես չի խուսափի Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ սուր հարցադրումներից, քանզի ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ երկրներում և միջազգային կառույցներում քաջ հայտնի է, թե ինչու է իշխանությունը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը քաղաքական պատանդ վերցրել:

Եվ ի՞նչ է պատասխանելու Սերժ Սարգսյանը, դիցուք, այն հարցին, թե Սահմանադրությամբ իրավական կոչվող և ԵԽ անդամ երկրում որքանո՞վ է օրինական, երբ քաղաքացին (տվյալ դեպքում` Տիգրան Փոստանջյանը) իր դեմ հարուցված քրեական գործի մասին իմանում է … ինտերնետից, կամ` ինչո՞ւ է երկրի գլխավոր դատախազությունը կոպտորեն խախտում անմեղության կանխավարկածը` անձին արդեն իսկ ներկայացնելով որպես օրինախախտ, կամ` □օրինախախտին□ ինչո՞ւ մինչ այդ ոչ մի անգամ չհրավիրեցին հարցաքննության, կամ` ինչո՞ւ լուրը հրապարակելուց հետո հինգ օր շարունակ Տիգրան Փոստանջյանին ոչ մի անգամ չկանչեցին հարցաքննության:

Կամ` այդ ինչպե՞ս եղավ, որ ինչ-որ մեկի (ըստ հասարակությանը և ԶԼՄ-ներին ներկայացված դատախազական ֆանտազիայի) ցուցումի հիման վրա իսկույն քրեական գործ են հարուցում և հրապարակում այն: Փաստորեն, մեր «իրավական» երկրում մարդը կարող է գնալ Աղվան Հովսեփյանի կողմից ղեկավարվող կառույց, այնտեղ ասել, թե ինչ-որ մեկին ինչ-որ գումար է տվել, և Աղվան Գառնիկովիչի ենթակաները, առանց որևէ ճշտումների կամ հարցաքննության, իսկույն քրեական գործ են հարուցում: Իսկ ո՞ւր մնացին օրենքները, իրավական ընթացակարգերը…

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին Վեհաժողովի իրապես ժողովրդավարները կուղղեն նաև հետևյալ հարցերը, օրինակ` այդ 280 ամերիկյան դոլարի համարժեք «գործը» ինչո՞ւ գլխավոր դատախազը հանձնեց պետության Ազգային անվտանգության ծառայությանը, ինչո՞ւ այդ ծառայությունը այդ «գործով» կազմեց հինգ քննիչից բաղկացած քննչական խումբ, ինչո՞ւ նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը, երբ անգամ պատգամավորներն էին երաշխավորում, որ նա չի խուսափի քննությունից (Զարուհի Փոստանջյանի եղբայրը խուսափող որ լիներ` վերոնշյալ հինգ օրվա մեջ դա կաներ), ինչո՞ւ դատավորը երկու անգամ մերժեց Տիգրան Փոստանջյանի և նրա պաշտպան Հայկ Ալումյանի` խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, ինչպե՞ս պատահեց, որ անմեղության կանխավարկածը հրեշավոր կերպով խախտող դատախազական հաղորդագրության նույն և հաջորդ օրը հանկարծ «հայտնաբերվեցին» ևս երկուսը, ովքեր մեկ տարի առաջ իբրև թե նույնպես ինչ-որ գումար են տված եղել, ինչո՞վ բացատրել, որ այդ նորաթուխ երկուսը որոշեցին մեկ տարվա վաղեմության «արարքի» մասին հայտնել, և այդ ինչո՞ւ նրանք որոշեցին այդ մասին հայտնել, ոչ ավել, ոչ պակաս` Ազգային անվտանգության ծառայությունում:

Կամ` այդ ո՞ր օրենքի հիման վրա Տիգրան Փոստանջյանի հարազատներին և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին բազմաթիվ անգամ թույլ չտվեցին (ներկայումս նույնպես դա շարունակվում է) տեսնել անազատության մեջ պահվող Տիգրան Փոստանջյանին: Իսկ ինչո՞ւ են նրան պահում մի բանտախցում, որտեղ կա 11 քնելատեղ, սակայն 20 կալանավոր, ու արդյոք դա միտումնավո՞ր չի արվել` հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ գործադրելու նպատակով, և ինչո՞ւ Տիգրան Փոստանջյանի հացադուլի պահանջներից գոնե մեկը չկատարվեց…

Դեռ բազմաթիվ և ոչ պակաս ուշագրավ հարցեր կան Տիգրան Փոստանջյանի դեմ պատվիրված (գուցե նախագահականո՞ւմ է պատրաստվել □նախագծի մակետը□) և Աղվան Հովսեփյանի ու Գորիկ Հակոբյանի կառույցների գործունեությամբ կյանքի կոչված այս քրեազավեշտում, պետության արդարադատությունը և օրենքները կրկին հիմնիվեր ոտնահարող այս հեքիաթում: Եվ այդ հարցերն ու համարժեք հայտարարությունները անպայման հնչելու են` թե այստեղ, թե միջազգային կառույցների ու նրանց ներկայացուցիչների կողմից, ինչպես որ քանիցս դա եղավ այս երեք ամսվա ընթացքում: Բայց մի քանի  հետևություն պարտավոր ենք ներկայացնել.

–     Տիգրան Փոստանջյանի դեմ ուղղված քրեական ամոթը միմիայն քաղաքական դրդապատճառներ ունի, և ուղղակիորեն` քաղաքական հաշվեհարդարի անհաջող և խիստ դատապարտելի փորձ էր Զարուհու, «Ժառանգության» և առհասարակ` քաղաքացիական ակտիվ հատվածի դեմ:

–     Տիգրան Փոստանջյանը քաղաքական պատանդ է, ինչը էությամբ նոր երևույթ է և չափազանց վտանգավոր ահազանգ ողջ հասարակության համար:

–     Բոլորին է հայտնի, որ նույնիսկ մաֆիոզ խմբավորումները ձեռնպահ են մնում իրենց հակառակորդների ընտանիքների չեզոք անդամների վրա ձեռք բարձրացնելուց, իսկ այդպես վարվողներին ժողովուրդը իրավամբ խիստ անբարեհունչ ածականներով է բնութագրում:

–     Համաներող իշխանությունը շատ ավելի զազրելի մեթոդի է դիմել` քաղբանտարկյալներին փոխարինում է քաղաքական պատանդներով:

–     Իշխանությունն առաջվա պես (եթե ոչ` ավելի շատ) անհանդուրժող է, և իր ապօրինությունների շարունակմամբ ավելի է հասունացնում ըմբոստության պահը…

Ի սկզբանե անմեղ Տիգրան Փոստանջյանը անմեղ է նաև մայիսի 25-ից ուժի մեջ մտած` Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով, և չնայած դրան, չնայած, որ 20 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող քաղաքական պատանդին նրա □գործը քննող□ դատավոր Արթուր Մկրտչյանը պարտավոր էր նույն` մայիսի 25-ից իր որոշմամբ ազատ արձակել` դա մինչ օրս տեղի չի ունեցել: Այդպիսով` դատավորը նույնպես մասնակիցն է Տիգրան Փոստանջյանի դեմ կատարված հանցագործության: Իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանին այս «գործի» հետ կապված առայժմ միայն մեկ «մաղթանք» կփոխանցեմ` բարի հաջողում Ստրասբուրգում, Վեհաժողովում

Արամ Ենոքյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Այս խորագրի վերջին նյութերը