Քաղաքական

15.04.2021 11:09


ՊՎԾ աշխատողներին դուրս են հանել Երևանի քաղաքապետարանից՝ չթողնելով նրանց ստուգումներ իրականացնել․ «Ժողովուրդ»

ՊՎԾ աշխատողներին դուրս են հանել Երևանի քաղաքապետարանից՝ չթողնելով նրանց ստուգումներ իրականացնել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել: ՊՎԾ աշխատողներին, այսպես ասած, դուրս են հանել քաղաքապետարանից և չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարանին և փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչու է ՊՎԾ-ն ստուգումներ սկսել, և ինչու են քաղաքային իշխանությունները դիմադրել, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին. «Ձեր հարցման պատասխանն առաջարկում ենք ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններից»: Իսկ, ահա, Պետական վերահսկողական ծառայությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում լուրը:

Նկատենք, որ քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, և վերջինս ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու: Նշենք, որ քաղաքապետարանում ստուգումներ անելու հրահանգը տվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, քանի որ Հայկ Մարությանն այլևս չի շփվում իմքայլականների հետ և վերահսկողությունից դուրս է եկել: Վերջում հավելենք, որ, չնայած այդ դիմադրությանը, ՊՎԾ աշխատակիցները շարունակում են ստուգումները»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը