Լրահոս

14.04.2021 20:42


Պարզվել է 54 համարի երթուղայինում սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը

Պարզվել է 54 համարի երթուղայինում սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոավտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան»,-ասաց Եգանյանը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ ձեռնարկվում են միջադրումներ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, նախաքննությունը շարունակվում է:

2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի խումբ անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը