Հարցազրույց

01.06.2011 16:34


Էդվարդ Անտինյան.

Էդվարդ Անտինյան.

Հարցազրույց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում մայիսի 31–ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը։

–Երկարաշունչ ելույթում բացակայում էր կարճ ասելիքը, թե ինչո՞վ են զբաղված։ Որովհետև եթե այլևս խոսում են, որ բանակցող կողմերն ունեն հավասարազոր իրավունքներ, որ նրանք էլ պետք է բերեն իրենց օրակարգը, բնական հարց է ծագում՝ եթե ձեզ համար անընդունելի է նրանց օրակարգը, ինչպե՞ս եք անգամ բանակցելու այդ օրակարգի շուրջ։ Չէ՞ որ մի հարց էր ՀԱԿ–ը դրել՝ բանակցելու ենք արտահերթ ընտրությունների հետ կապված։ Սա մոտավորապես նման է նրան, որ եթե դու անվերապահորեն գիտես, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, ինչպե՞ս կարող ես համաձայնել պատմաբանների հանձնաժողովին։ Համաձայնելով պատմաբանների հանձնաժողովին, անգամ եթե դրանով ինչ–որ բան քո օգտին որոշվի, այդուհանդերձ բանակցային գործընթացում դու կասկածի տակ ես դնում ցեղասպանությունը։ Դա էր ասվում ամբողջ երկրում, դա էր ասել Լևոն Տեր–Պետրոսյանը, որով քննադատում էր իշխանություններին։ Հիմա նույն բանն է կատարում ի՛նքը։ Նա այսօր ընդունում է, որ դիմացինն էլ ունի օրակարգ։ Իսկ դիմացինի օրակարգում արտահերթ ընտրության թեմա գոյություն չունի, ինչի մասին նրանք նախապես ասել են։

–Այդ դեպքում՝ ինչո՞ւ է Լևոն Տեր–Պետրոսյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն անում՝ ժողովրդի աչքին թոզ փչելու, իշխանության հետ իրենց գործարքն ինչ–որ կերպ արդարացնելո՞ւ համար, թե՞ այլ նպատակով։

–Կարծում եմ՝ ժողովրդի մեջ որոշակի արժանապատվություն և ինքնասիրություն ունեցող մարդիկ, ովքեր գիտեն, որ խաբված են, այլևս չեն հավատում դրան և չեն պաշտպանում իրեն։ Պարզապես կան մարդիկ, ովքեր չեն հաշտվել այն մտքի հետ, որ խաբված են, կամ այլընտրանքը չեն գտել։ Որովհետև իրենք ինքնուրույն գործող չեն, որ նեղանան Լևոն Տեր–Պետրոսյանից, ասեն՝ դու մեզ խաբեցիր, և հեռանան, վերագնահատեն, վերարժևորեն իրենց կարծիքը, երկրի վիճակը ու նոր որոշում կայացնեն, թե ո՞ւմ հետ իրենք կգնան կամ կգնան, թե՞ ոչ։ Շատ դեպքերում ինքնուրույն գործելու բացակայությունն է մարդկանց ստիպում, որ ասում է՝ պետք է տեսնեմ մեկ ուրիշին, նոր հեռանամ Լևոն Տեր–Պետրոսյանից։ Հարգելի՛ս, եթե քեզ խաբել են, դու պարտավո՛ր ես նեղանալ՝ անկախ նրանից՝ ուրիշը կա՞, թե՞ չկա։

–Եթե իշխանությունը պնդում է, որ արտահերթ ընտրությունների հարց իրենց օրակարգում չկա, բայց Լևոն Տեր–Պետրոսյանը, միևնույն է, հայտարարում է, թե երկխոսության ՀԱԿ–ի օրակարգի միակ հարցն արտահերթ ընտրություններն են, տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչի՞ շուրջն են երկխոսելու նրանք։

–Ես չեմ պատկերացնում, թե ինչի՞ շուրջ կարող են լինել, բացառությամբ՝ ժամանակի շուրջ։

–Այսինքն՝ ձգձգեն մինչև հերթական ընտրություննե՞րը։

–Որքան հնարավոր է՝ ձգեն, իսկ դա այս դեպքում առաջին հերթին ձեռնտու է հենց իշխանությանը, որովհետև իշխանությունը կարողացավ վարպետորեն շրջանցել արաբական առաջին ալիքը, և հասկանում է, որ ինչքան էլ հիասթափվեն հարթակի ընդդիմությունից, դա հանգեցնելու է նրան, որ դրանից հետո, մինչև նոր ուժ ձևավորվի, որը հասարակությանը կհանի փողոց, ինքն արդեն ժամանակ կունենա՝ նախապատրաստվելու հերթական ընտրություններին։

–Այսինքն՝ համոզված եք, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի։

–Արտահերթ ընտրությունների հնարավորություն չկա։ Միակ հնարավորությունն արտաքին գոծոնն էր, որ կարող էր առաջացնել «ֆորս–մաժոր», և դա արտահայտվեց արաբական հեղափոխությունների տեսքով, որի ժամանակ նույնիսկ գերտերություններն իրենց կողմից դրածո կամ իրենց կողմից հովանավորվող բռնապետներին անգամ չպաշտպանեցին, որովհետև ասացին՝ պահն այդպիսին չէ։ Այսինքն՝ եթե ա՛յդ պահն արդեն հասունացել էր մեր երկրում, որի համար եթե պայքարեր Հայ ազգային կոնգրեսը և չասեր՝ ե՛ս եմ կայունության երաշխավորը, ես թույլ չեմ տա, որ ուրիշները հեղափոխություն անեն... Ինքը խոստովանեց, որ իսկապես հեղափոխական իրավիճակ կա, և ժողովուրդն ի վիճակի է այդ հեղափոխությունն անել, բայց իրենք թույլ չեն տալիս։ Էլ ինչի՞ մասին է խոսքը, էլ ո՞նց արտահերթ ընտրություն լինի։

–Դե, իրենք ասում են, թե սահմանադրական ճանապարհով են գնում հեղափոխության։

–Եթե իրենք իրոք գնում են թավշյա հեղափոխության, իրենք առնվազն պետք է ժողովրդին ասեն (որպեսզի նաև ամեն անգամ ժողովրդի առաջ չարդարանան)՝ եթե մենք այսօր ասել ենք՝ արտահերթ ընտրություններ,  արյունահեղությամբ իշխանափոխություն դուք ի վիճակի եք անել, բայց մենք կառաջարկենք ո՛չ արյունահեղության իշխանափոխության տարբերակ, հավատացե՛ք մեզ (ժողովրդի ինչ–որ մի հատված հավատում է)։ Բայց ժողովրդի մնացած մասն ասում է՝ այս դեպքում եթե ձեզ չհաջողվի թավշյա հեղափոխությունը, բայց դու էլ չթողեցիր, որ մեր հեղափոխությունն անենք, ուրեմն դու մեզ խաբեցիր կամ ի վիճակի չես հասկանլու՝ ինչ ես անում, և ուրեմն, որպես պրոֆեսիոնալ անպիտան՝ անիմաստ է, որ քո նման մարդն առաջնորդի ժողովրդին։ Դու խաբեցիր, ասացիր՝ սիրելի՛ ժողովուրդ, ես թույլ չեմ տա հեղափոխություն, իշխանափոխության ավելի լավ տարբերակ կառաջարկեմ, որը մեզ մոտ չստացվեց։ Ուրեմն դու այլևս անելիք չունես քաղաքական դաշտում։ Թող այսօր իրենք հայտարարեն, որ հերթական ընտրությունների չե՛ն գնալու, որովհետև իրենք ժողովրդին ասել են՝ հերթականի մի գնա, ես քեզ թավշյա հեղափոխություն եմ ապահովելու։ Այս դեպքում հասարակության մեջ իրենց կատաղի ընդդիմախոսների համար հարգանքի արժանի կլինի նրանց դիրքորոշումը, կհասկանա, որ այդ մարդիկ այդքանն օբյեկտիվորեն անում են։ Բայց իրենք չեն կարող հերթականի չգնալ, և իրենք հերթականի այնքան թուլացած վիճակով են գնալու, որ դա իրենց համար վատ է լինելու։ Բայց չգնալու դեպքում էլ իրենց թիմին ի՞նչ են ասելու։ Թե դրա համար ի՞նչ գեղեցիկ մանյովր կգտնեն, ի՞նչ բացատրություն կգտնեն, դա արդեն հաջորդ տարվա խնդիրն է։

–Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում խոսեց նաև Ղարաբաղի խնդրի մասին, և այն առաջիկայում ևս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը, ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ։ «Ընդ որում՝ ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության գործողություններին, որովհետև ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ»,–մասնավորապես հայտարարեց նա։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Եթե այսօր խոսվում է, թե համանախագահները պարտադրում են, որ գնան ավելի ակտիվ քայլերի, գոնե հայեցակարգը կարողանան առաջիկայում մշակել, հարց է առաջանում՝ նման խնդրի գոյության պարագայում Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր ինչի՞ն պետք է օգնի։ Այսօր միջազգային կառույցները Հայաստանի իշխանություններին ասում են՝ դու ունես բացարձակ մեծամասնություն, ի՞նչն է քեզ խանգարում, որպեսզի ստորագրես փաստաթուղթ։ Խանգարողը պետք է լիներ ընդդիմությունը, որն ասի՝ ո՛չ մի թիզ հող։ Այսօր եթե հարթակի ընդդիմությունն ասում է, որ միանշանակ պատրաստակամ են իշխանությանն աջակցելու, առավել ևս՝ Լևոն Տեր–Պետրոսյանի նախորդ հայտարարությամբ ասվում էր՝ մինչև ղարաբաղյան հարցը չլուծվի, Հայաստանը զարգացման հեռանկար չունի, սրանով ոչ միայն Սերժ Սարգսյանին չեն օգնում, այլև սրանով Սերժ Սարգսյանին պարտադրում են ընդունել ուրիշի պարտադրանքը։ Ավելի վատ «լավություն» ուղղակի հնարավոր չէ անել։ Այստեղ նաև տրամաբանություն պետք է տեսնենք, չէ՞. այդ դեպքում իշխանության շահերից ի՞նչն է բխում, որ համաձայնում է նրա գործընկերությունն ընդունի։ Կա մեկ պարզ պատճառ՝ այսօր իշխանությունը խնդիր ունի իշխանությունը պահելու հարցը լուծելու, իսկ մնացածը ածանցյալ են։ Այս իշխանությունն իր իշխանությունն ամրապնդելու և վերարատադրելու խնդիր ունի, որին աջակցում է հարթակի ընդդիմությունը։

–Մայիսի 31–ի իր ելույթում ՀԱԿ առաջնորդը նաև հայտարարեց, թե այս երկխոսությունը հայ իրականության մեջ իր նախադեպը չունեցող նշանակալից իրադարձություն է, և տեղի ունեցածն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ առնվազն անհասկացողության պատի փլուզում։ Հիշենք, սակայն, որ դեռևս 2008թ. իր երդմնակալության արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում՝ եկե՛ք քանդենք այդ պատը»: Որքանո՞վ է ազնիվ, որ թեև 3 տարի առաջ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր–Պետրոսյանին առաջարկում էր քանդել այդ չհասկացվածության պատը, բայց նա չգնաց այդ քայլին, իսկ այսօր արդեն՝ այսքան տարի անց, գնում է նույն Սերժ Սարգսյանի հետ երկխոսության ու խոսում անհասկացողության պատի փլուզման մասին։

–Եթե մեկը առաջարկում է երկխոսություն 2008թ. մարտյան դեպքերից հետո, իսկ մյուսը դրան արձագանքում է 2011թ. մարտի՛ն, դա ոչ թե չհասկացվածության պատ է, այլ ուշ հասկացողների պատ։ Է՞լ քանի տարի է պետք, որ հասկանան մնացածը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը