Քաղաքական

13.04.2021 14:44


Փաշինյանն ու Ադրբեջանը հակառուսական ալիք են բարձրացնում. ի՞նչ են ասում փաստերը

Փաշինյանն ու Ադրբեջանը հակառուսական ալիք են բարձրացնում. ի՞նչ են ասում փաստերը

Պատերազմի ավարտից հետո գերիների հարցը եղել է հիմնական գլխացավանքն այս իշխանությունների համար: Գերիների առկայությունը շարունակում է լինել, որպես կաևոր վկայություն առ այն, որ այս իշխանությունները որևէ բան անելու ունակ չեն: Սա լավ են գիտակցում նաև իշխանությունները և հենց իրենց ամուլ, անկարող և թուլամորթ լինելը փորձում են տարբեր պատճառներ մեջտեղ բերելով լղոզել:

Ինչ որ պահից իշխանությունները սկսեցին գերիների հանգամանքն օգտագործել նաև հակառուսական տրամադրություններ արթնացնելու նպատակի համար: Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց իշխանությունները գերիների վերադարձի պարտավորությունն ամբողջապես դրեցին ռուսական կողմի վրա: Տարբեր անգամներ գերիների և անհետ կորածների հարազատներին ուղորդել են դեպի ՌԴ դեսպանատուն: Հիմա արդեն հանրությունը առավել մեծ սպասումներ ունի հենց ռուսական կողմից:

Գերիների վերադարձի մասին օրերս իշխանությունների տարածած կեղծ տեղեկատվությունը առավել թեժացրեց կրքերը: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակացված լրատվականն ապրիլի 8-ին հաղորդեց գերիների վերադարձի մասին: Իրադարձությունը ուղիղ եթերում լուսաբանել շտապեցին իշխանական բոլոր մեդիաները, այդ թվում նաև արևմտյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները:

Իշխանական լրատվամիջոցի հրապարակումից հետո գերիների վերադարձը հաստատել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը (Ավինյանը զբաղվում է գերիների վերադարձի հարցով): Ժամեր անց պարզվեց, որ Էրեբունի օդանավակայան ժամանած ռուսական օդանավում հայ գերիներ չկան, ավելին, հետագայում պարզվեց, որ օդանավը ամենևին էլ Բաքվից չի գալիս Երևան, այլ ՌԴ-ից:

Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն լինի` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շտապեց լրատվամիջոցներից մեկին տեղեկացնել, որ այդ օրը գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն իրականում չի եղել: Սիմոնյանի խոսքերով, ուղղակի հույս է եղել, որ այդ թռիչքն իր հետ լավ լուր կբերի ու հնարավոր կլինի գերիներ տեղափոխել Հայաստան:

Չնայած Ալեն Սիմոնյանի պնդումներին, թե իրենք այդպիսի տեղեկատվության չեն տիրապետել, իշխող ուժի մեկ այլ անդամ՝ Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը պնդում էր, որ պայմանավորվածություն եղել է. «...դուք ինքներդ էլ տեսաք, որ ինքնաթիռի մեջ Մուրադովը պետք է լիներ, և ինքը կար, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որը խախտվել է: Պատճառները հասանելի չեն: Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք ասեմ՝ հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը»:

Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին հետևեցին Ավանի փոխթաղապետի, իշխող թիմի այլ ներկայացուցիչների և վարչապետի կողմից ՀԽ նախագահի պաշտոնին նշանակված Ստյոպա Սաֆարյանի և արևմտյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցների քարոզչական արշավը Ռուսաստանի դեմ: Իշխանական քարոզիչները պնդում էին, որ գերիների չվերադառնալու ռուսների կողմից իրականացված պրովոկացիա էր:

Իշխանությունների կողմից գերիների վերադարձի մասին ակնհայտ սուտն այնքան մեծ ալիք բարձրացրեց, որ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ստիպված եղավ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել, որ գերիների վերադարձ նախատեսված չի եղել և լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվութունը պրովոկացիա է եղել Հայաստանի իշխանություններից հետո:

Հետաքրքիր է, որ Հայաստանի հետ զուգահեռ հակառուսական տարամադրություններ են սկսվել նաև Ադրբեջանում: Նույն այս օրերին Ադրբեջանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ՌԴ դեսպանատան դիմաց: Արմատական դիրքերից հանդես եկող ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի ռուսները հեռանան Արցախից: Սրանք գործընթացներ են, որոնք վստահաբար պատահականություն չեն:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը