Քաղաքական

12.04.2021 20:13


«Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը

«Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ստացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրիլի 6-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը, այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ ստացել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրիլի 06-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով ապօրինաբար հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը։ Որոշման պատճառաբանական մասից ցանկանում եմ մեջբերել երկու հանգամանք, որին սպասում են բոլորը․ առաջինը՝ ինչու Դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հենց հանցագործության դեպքի բացակայության հիմքով և երկրորդը՝ ինչպես է Դատարանն արձագանքել դատախազների փաստարկներին՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Առաջին հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ, վկայակոչելով վերաբերելի նորմատիվ իրավական ակտեր, նշել է հետևյալը․ «Նկատի ունենալով, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ, դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչվելու հետևանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Երկրորդ հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ կրկին վկայակոչելով վերաբերելի քրեդատավարական նորմեր և նախադեպային որոշումներ, իր որոշման մեջ արձանագրել է մասնավորապես հետևյալը․ «Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող իրավակարգավորումների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործառույթի հետ։ Դատարանի նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման։ Դատարանը փաստում է, որ սույն գործով ի հայտ եկած՝ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ենթադրում է քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ, որից ՇԵՂՄԱՆ հնարավորություն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ, ուստի բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք»։

Դատախազների փաստարկների մասով Դատարանի դիրքորոշման հետ կապված՝ ցանկանում եմ տալ մի փոքր պարզաբանում։ Ուրեմն սիրելի ընկերներ, դատարանի վերը հիշատակված դիրքորոշումն այնքանով է իրավաչափ և ընդունելի, որքանով մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկը հենց այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի և պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը։ Տվյալ դեպքում սա նշանակում է, որ դատարանն երբեք չի կարող մեղադրանքի կողմի համար լինել հարմար միջոց, գործիք, ըստ ցանկության և ցանկացած ժամանակ մեղադրանքը փոփոխելու համար։

Ինչպես կասեր իմ գործընկեր Արամ Վարդևանյանը` «Վերջացել է»։ Փորձեք համակերպվել և ընդունել առկա իրողությունը»,–գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը