Քաղաքական

01.06.2011 12:13


ՀՀԿ–ական պատգամավոր. «Չեմ կարծում, որ երկխոսելու համար նույն ժողովրդի մեջ պետք են բանագնացներ կամ դեսպաններ»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Չեմ կարծում, որ երկխոսելու համար նույն ժողովրդի մեջ պետք են բանագնացներ կամ դեսպաններ»

Մայիսի 31–ին հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ նկատի ունենալով ՀԱԿ–ի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը՝ իրենք արդեն պատրաստ են իշխանության հետ ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։

«Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, և իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով»,–ասել էր Լևոն Տեր–Պետրոսյանը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «7օր»–ին տեղեկացրել է, որ իրենց կուսակցության խորհրդում պատվիրակություն կազմելու հարցը չի քննարկվել։

–Չեմ կարծում, որ երկխոսելու համար նույն ժողովրդի մեջ պետք են բանագնացներ կամ դեսպաններ։ Հատկապես որ մեր դիրքորոշումը միշտ եղել է այն, որ անկախ նրանից՝ հասարակության իշխանական, թե ընդդիմադիր հատվածն է, այն այսօրվա իշխանությունն է, և հատկապես նախագահ Սերժ Սարգսյանն այն ընկալում է որպես մեկ հասարակություն, հայ ժողովուրդ,–ընդգծել է Հ. Սահակյանը։

ՀՀԿ–ական պատգամավորն ավելացրել է նաև, որ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկվա ելույթում կառուցողականության հատիկ է տեսել նաև այն առումով, որ Լևոն Տեր–Պետրոսյանը ժողովրդին ասել է՝ ի պատիվ իշխանության խոհեմության, նաև ինչ–որ տեղ հանդուրժողականության՝ իրենք տեսան այն, ինչ կատարվեց վերջին ժամանակներում, և կոչ է արել ժողովդրին՝ որպես պետականություն ունեցող ժողովուրդ՝ ամբողջ աշխարհում չկորցնել այդ համբավը, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսելով գնան առաջ, այլ ոչ թե բռնություններով, ծեծ ու ջարդով, սահմանադրական կարգը խախտելով։

–Բայց եթե նրանց պահանջը միայն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններն են, ես չեմ կարծում, որ դա կառուցողական դաշտից է։ Սակայն ես Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը լսելով հասկացա, որ կան միջանկյալ խնդիրներ և քայլեր, որոնց շուրջ ՀԱԿ–ն ու Լևոն Տեր–Պետրոսյանը փորձում են ավելի պարզ և առարկայական խոսել։ Եթե լինեն իսկապես առողջ, կառուցողական առաջարկներ, իշխանությունը մշտապես ասել է, որ պատրաստ է երկխոսել,–ավելացրել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը