Քաղաքական

12.04.2021 10:19


«Թվում է` հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո». Կարասին

«Թվում է` հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո». Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները,-Tert.am) կարող են օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակը ունի փորձ և արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների պրակտիկան ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո, ինչը միջազգային շոշափելի հնչեղություն կստանա»,-ասել է Կարասինը:

Նա հավելել է, որ այժմ սուր է Լեռնային Ղարաբաղի տարածքի և նրա շրջակա շրջանների ականազերծման հարցը:

Շատ բան, ըստ Կարասինի, կախված կլինի նրանից, թե որքան շուտ հնարավոր կլինի կողմերի միջև վստահություն հաստատել:

«Կոնկրետ քայլեր արդեն արված են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ քննարկվում են քաղաքական հարցեր, որոնվում են լուծումներ: Փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովն ակտիվ աշխատում է տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման խնդիրները քննարկելու համար»,-ասել է պաշտոնյան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը