Քաղաքական

09.04.2021 16:55


Թող նախքան Քարվաճառը տալը գերիներին ուզեին, հետո նոր Քարվաճառը տային, ի՞նչն էր խանգարում իրենց․ ինձ ադրբեջանական համարով են զանգել ու ասել, որ 18-ամյա որդիս իրենց մոտ է․ գերու հայր (տեսանյութ)

Թող նախքան Քարվաճառը տալը գերիներին ուզեին, հետո նոր Քարվաճառը տային, ի՞նչն էր խանգարում իրենց․ ինձ ադրբեջանական համարով են զանգել ու ասել, որ 18-ամյա որդիս իրենց մոտ է․ գերու հայր (տեսանյութ)

Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու, տուն գնանք, ինչ անենք։ Բացարձակապես ոչ մեկը չի ընդունել մեզ։ Պահանջում ենք մեր երեխաներին բերել։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ շենքը շրջափակած քաղաքացիներից մեկը, ում որդին, ենթադրաբար, գերեվարված է։

Հարցին՝ գերիներին վերադարձնելու համար բավարար ջանքեր չե՞ն գործադրվում, քաղաքացին արձագանքեց՝ իհարկե՝ ոչ․ «Եթե ջանքեր ներդրվեին, հիմա մեր երեխաները վաղուց կգային։ Երեկ երկու ինքնաթիռ գնաց, երկուսն էլ դատարկ եկան, ինչն էր պատճառը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ասում են՝ Ադրբեջանը չի տվել գերիներին, ենթադրյալ գերու հայրն արձագանքեց՝ միշտ էլ դա է պատճառը․ «Ադրբեջանը չի տվել, իրենք էլ թող Քարվաճառը չտային, ինչո՞ւ տվեցին, թող նախքան Քարվաճառը տալը գերիներին ուզեին, հետո նոր Քարվաճառը տային, ի՞նչն էր խանգարում իրենց»,-ասաց նա։

Քաղաքացու ներկայացմամբ՝ որդին 18 տարեկան է․ «1-1,5 ամիս ծառայած, հանել են դիրքեր, ոչ մեկը պատասխան չի տալիս դրա համար»,-նշեց նա։

Հարցին՝ ինչպես է ենթադրում, որ որդին գերի է, քաղաքացին արձագանքեց, թե իրեն զանգահարել են ադրբեջանական համարից ու ասել այդ մասին․ «Ասացին՝ երեխան մեզ մոտ է։ Նույն ադրբեջանցին, նույն համարով 5 օր առաջ կապ է հաստատել այն երեխաների ընտանիքի անդամների հետ, որոնք իմ երեխայի հետ չկային։ Եթե տղաս իրենց մոտ չէր, ինչո՞ւ էին կապ հաստատել ինձ հետ։ Զանգից հետո ԱԱԾ-ին եմ դիմել, մնացած հարցերը ԱԱԾ-ն կպարզի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ անհետ կորածների ու գերիների հարազատները երեկվանից շրջափակել են ՊՆ մուտքերը՝ հանդիպում պահանջելով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, սակայն մինչ այս պահը նշված անձանցից որևէ մեկը չի ընդունել քաղաքացիներին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը