Քաղաքական

08.04.2021 16:00


Անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակել են ՊՆ-ի բոլոր մուտքերը (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակել են ՊՆ-ի բոլոր մուտքերը (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր՝ երեք մուտքներն արգելափակված են։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն ավտոմեքենաներով փակել են ՊՆ-ի բոլոր մուտքերն ու ելքերը, իսկ ՊՆ շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Տարածքը հսկում է նաև Ռազմական ոստիկանությունը։

Անհետ կորած զինծառայողների հարազատները երկար լռությունից հետո արձանագրում են՝ իրենց հարցերին խոստացված լուծումներն այդպես էլ չեն տրվել։

Կայքը հիշեցնում է, որ առավոտյան անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը տեղեկացրել էր, որ նորից կտրուկ գործողություների են դիմելու, այս անգամ ՝ երկարաժամկետ։

Մոտ մեկ ամիս առաջ էլ զինծառայողների հարազատները նույն կերպ փակել էին ՊՆ մուտքերը, մնացել մինչև աշխատանքային ժամի ավարտը։ Նրանցից հինգին ընդունել էր նախարար Վաղարշակ Հարությունյանը, վստահեցրել, որ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են, իսկ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն Արցախում նոր թափ կստանան։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր ստիպված էին նույն քայլին դիմել, քանի որ նշում են, որ խոստումները չեն կատարվել։ Խոստացել են այնքան մնալ, մինչև իրենց զավակների հարցը չլուծվի։

Այս խորագրի վերջին նյութերը