Աշխարհ

08.04.2021 18:45


Պատվաստումից հետո բուժքրոջ մահը. Հիվանդանոցի երեք բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել

Պատվաստումից հետո բուժքրոջ մահը. Հիվանդանոցի երեք բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան հետաքննության շրջանակներում մեղադրանք է առաջադրել Ախալցիխեի հիվանդանոցի երեք աշխատակցի՝ երկու բժշկի և մեկ բուժքրոջ:

Ինչպես պարզվել է, նրանք կեղծ ցուցմունքներ են տվել բուժքրոջը համապատասխան օգնություն ցուցաբերելու մասին, որի մոտ պատվաստվելուց հետո ալերգիկ ռեակցիա էր զարգացել: Ինչպես պարզվել է, բժիշկը, որը պետք է առաջնորդեր այս գործընթացը, իրականում հիվանդի կողքին չի եղել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, կեղծ ցուցմունքի համար մեղադրվող բժիշկը Վիոլետա Ինասարիձեն է: Դեպքից անմիջապես հետո, մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում, նա հայտարարել էր, որ Մեգի Բաքրաձեին «անհապաղ» ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Նա ասել էր, որ անձամբ ինքն է նրան ադրենալին ներարկել այն բանից անմիջապես հետո, երբ Մեգի Բաքրաձեն սկսել էր բողոքել պատվաստումից հետո ընդհանուր թուլությունից և քորից:

«Բժիշկներ Բ.Լ.-ին եւ Վ.Ի.-ին, ինչպես նաեւ բուժքույր Թ.Գ.-ին հետաքննությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու համար մեղադրանք է առաջադրվել»,-հայտնում են դատախազությունից: Եթե մեղավորությունն ապացուցվի, նրանց սպառնում է 2-ից 6 տարի ազատազրկում:

«Սույն քրեական գործով երեք բուժաշխատողներն էլ հարցաքննվել են որպես վկա և նախքան հարցաքննությունը սկսելը նախազգուշացվել են կեղծ վկայության համար քրեական պատասխանատվության մասին: Նրանք խոչընդոտել են արդարադատությանը և անձնական դրդապատճառներով հետաքննությանը տրամադրել են կեղծ ցուցմունքներ, որպեսզի չբացահայտվի, որ բժիշկ Վ.Ի.-ն հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելիս ներկա չի գտնվել նրա կողքին»,-նշում է դատախազությունը:

Մասնավորապես, ըստ Վ.Ի.-ի ցուցմունքի, հետիմունիզացիոն պալատում գտնվող Մեգի Բաքրաձեն, իբր, ստացել է համապատասխան բժշկական օգնություն անմիջապես այն բանից հետո, երբ նրա մոտ սկսվել է զարգանալ պատվաստանյութի կողմնակի ազդեցույթունը: Այս դեպքում, իբր, Վ.Ի.-ի, ինչպես նաև նրա ենթակայության տակ գտնվող այլ բուժաշխատակիցների կողմից օգնություն է ցուցաբերվել:

Այս տեղեկությունը հաստատվել է նաև Բ.Լ.-ի և Թ.Գ.-ի ցուցմունքներով: Սակայն, հետաքննությունը պարզել է, որ իմունիզացումից հետո Վ.Ի.-ին Մեգի Բաքրաձեին ոչ մի դեղորայք չի տվել, իսկ երբ բարդության զարգացումից հետո Բաքրաձեին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել, նա ընդհանրապես այդ սենյակում չի գտնվել:

Ինչպես նշում է դատախազությունը, ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչում: Դատախազությունը պատրաստվում է դիմել Թբիլիսիի քաղաքային դատարան` օրենքով սահմանված ժամկետներում խափանման միջոցը որոշելու միջնորդությամբ:

ՆԳՆ-ն շարունակում է քրեական գործի հետաքննությունը: Նախատեսված են համապատասխան հետազոտություններ` մահվան պատճառը պարզելու նպատակով:

Մեգի Բաքրաձեն մարտի 18-ին ծրագրված պատվաստումը կատարել էր երկրի հարավում գտնվող քաղաքի՝ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում: Նա պատվաստվել էր «Astrazeneca» պատվաստանյութով:

Ինչպես պնդում են բժիշկները՝ պատվաստումից 30 րոպե անց բուժքրոջ մոտ զարգացել էր ալերգիկ ռեակցիայի տեսքով կողմնակի ազդեցություն՝ անաֆիլակտիկ շոկ:

Ինչպես հաստատվում է, կլինիկայում եղել է ինչպես վերակենդանացման բաժանմունք, այնպես էլ բոլոր անհրաժեշտ դեղորայքը: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ինտուուբացիա անցկացրել: Սակայն, երիտասարդ կնոջը չի հաջողվել գիտակցության բերել: Որոշվել է նրան տեղափոխել Թբիլիսի՝ Պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկա: Մարտի 19-ին Մեգի Բաքրաձեն մահացավ, այդպես էլ դուրս չգալով կոմայից: Մեգի Բաքրաձեի դեպքը թերահավատության լուրջ ալիք է առաջացրել Վրաստանում պատվաստումների նկատմամբ: Դատախազությունը միջադեպի առթիվ հետաքննություն է սկսել:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը