Աշխարհ

07.04.2021 11:10


«Թուրքիան ԼՂ պատերազմում Բաքվին օգնելու համար նաև մանկահասակ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան». սիրիացի նախկին վարձկանը խոստովանություն է արել

«Թուրքիան ԼՂ պատերազմում Բաքվին օգնելու համար նաև մանկահասակ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան». սիրիացի նախկին վարձկանը խոստովանություն է արել

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները մանկահասակ մարտիկներ են հավաքագրում և ուղարկում Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռվելու համար, հայտնում է Ahval-ը՝ հղում տալով քրդամետ «Մեզոպոտամիա» գործակալությանը։

Գործակալությունը տվյալներ է ստացել Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանից։ Հայտնի է, որ նա 13 տարեկան է եղել, երբ անդամագրվել է Թուրքիայի հովանավորության տակ գտնվող «Սիրիական ազատ բանակ»-ին, որն այժմ հայտնի է որպես «Սիրիական ազգային բանակ»։

«Քանի որ Թուրքիան սկսել էր «Սիրիական ազգային բանակ»-ում ավելի շատ տղամարդկանց հավաքագրել Աֆրինի գործողության համար, այն նաև սկսել էր ավելի շատ երեխաների հավաքագրել և դա շարունակվում է առայսօր։ Այժմ «Սիրիական ազգային բանակ»-ի խմբավորումներում այնքան շատ երեխա կա»,-ասել է Մաալիքին։

Լրատվականը հիշեցրել է, որ Աֆրինի գործողությունը սկսվել է 2018 թվականին՝ օդային և ցամաքային ուղղություններով հարվածներ հասցնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի կողմից վերահսկվող անկլավին։

Մաալիքին հավելել է․ «Թուրքերը մեզ ասել էին, որ քրդական «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ»-ի զինյալները և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միասին են աշխատում և կռվելու են մեր դեմ Աֆրինում։ Նրանք ասում էին, որ այդ ուժերն ուզում են անել այն, ինչ Իսրայելն է արել. Սիրիայի ներսում միայն քրդերի համար պետություն ստեղծել, որը կընդգրկի Իդլիբը, Հալեպի գյուղերը` մինչև Լաթաքիա ընկած ամբողջ ճանապարհը»։

Նախկին վարձկանը նշել է, որ Աֆրինում միանգամայն այլ բան է տեսել։ Նա տեսել է թե ինչպես են «Սիրիական ազգային բանակ»-ի անդամներն Աֆրինում կողոպտում խաղաղ բնակչությանը, առևանգում նրանց ու բռնաբարում կանանց:

«Ես տեսա, որ Թուրքիան գրավեց Աֆրինը, մենք չէինք կռվում սիրիական ռեժիմի դեմ մեր հեղափոխության համար, չէինք կռվում Ասադի դեմ»։

Գործակալությունը հավելում է, որ «Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության 2020 թվականի մարտին հրապարակված զեկույցում կա պնդում առ այն, որ Թուրքիան հավաքագրել է մանկահասակ զինվորների՝ նրանց Լիբիա ուղարկելու համար:

«Պետք է պարզ լինի, որ երբ Թուրքիան «Սիրիական ազգային բանակ»-ն ուղարկեց Ադրբեջան (աջակցելու ադրբեջանական ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թ. սեպտեմբերին), նրանց մեջ նույնպես երեխաներ կային: «Սիրիական ազգային բանակ»-ը պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա և Ադրբեջան: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ երեխաներ էին պատերազմի սկսվելու ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը»,-ասել է Մաալիքին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը