Մեկնաբանություն

31.05.2011 14:27


Ես միանում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հացադուլին

Ես միանում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հացադուլին

Հաշվի առնելով վերջին շրջանի «բուռն» իրադարձությունները՝ առաջարկում եմ «Թվիթեր» սոցիալական ցանցում ստեղծել «Ես միանում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հացադուլին» խումբը։

Եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե ախր Լևոնը ե՞րբ է հացադուլ արել, որ մի հատ էլ մենք նրան միանանք, ապա ասեմ, որ հարցն այդ իշխանամետ ու չուզողական բնույթ է կրում, և ահա թե ինչու։

Բանն այն է, որ մարդիկ մեկ ամիս առաջ վիրտուալ տարածքում միանում էին չեղած և «չըլնելիք» նստացույցին, և նույնիսկ հեռախոսով էին անդամագրվում «ֆեյսբուքի» համապատասխան խմբին։ Զոմբիներն էյֆորիայի մեջ էին։ Լևոնականների կողմից տեղի էր ունենում Օպերայի տարածքում մայիսի 31–ին «պպզելու» կոլեկտիվ հայտերի ընդունում և այլն։ Գործընթացը զվարճալի էր, բայց զոմբիագիտության ուսումնասիրման առումով՝ շատ օգտակար. դիտակտիկ նյութի պակաս չէր զգացվում։

Դե հիմա ասացեք խնդրեմ, թե ինչո՞ւ նույն այդ «նստացույցային» տրամաբանությամբ չարժե միանալ արդեն  Լևոն Տեր–Պետրոսյանի՛ «հացադուլին»։ Ճիշտ է, հացադուլ որպես այդպիսին չկա ու չի լինի, և փափուկ կյանքի սիրահար ՀԱԿ առաջնորդը երբևէ չի էլ դիմի նման քայլի, բայց մի՞թե դա է էականը, գրողը տանի...

Եթե ստեղծվի «Ես միանում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հացադուլին» խումբը, ապա իշխանափոխության գործի հնչեղությունն ապահովված է, հեղափոխական պաթոսը՝ պահպանված, իսկ «Լևոնի վերջին օրերի վկաների» կյանքը՝ իմաստավորված։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք կռապաշտներին լիովին երջանիկ լինելու համար։

Պատկերացնու՞մ եք թե ինչեր կլինեն այդ «հացադուլից» հետո։ Ես արդեն պատկերացնում եմ։

Եվ այսպես. «հացադուլի» սպառնալիքից հետո մի քանի լևոնական մտավորական կդիմի «հիմնադիրին»՝ դադարեցնելու համար  դեռ չսկսած հացադուլը։ Սերժական (կամ որ նույն  է՝ լևոնական) թերթերն ու կայքերը, հեռուստաընկերություններն ու ռադիոալիքներն ամեն օր ռեպորտաժներ կպատրաստեն «հացադուլի» վայրից ու «հացադուլավորի» մասին։ Ամեն օր նոր անհատներ ու կոլեկտիվներ կանդամագրվեն «Ես միանում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հացադուլին» վիրտուալ տարածքում գրանցված խմբին։ ՀԱԿ–ի առաջամարտիկները հարցազրույցներ կտան ու կասեն, որ այս «հացադուլի» արդյունքում ռեժիմը փլվում է և թավշյա հեղափոխության հաջող ավարտը մոտ է՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա» ծրագրի շրջանակներում։

Կասկած չկա, որ «հիմնադիրն» այդ ընթացքում կհայտարարի, թե թող ոչ մի հացադուլավոր չպահանջվի ինձնից բացի։ Նրա այդ խոսքերը պարզապես էքստազի մեջ կգցեն հյուսիսային պողոտայի հերոսամարտի վետերաններին, և բոլորը կհիշեն, որ Տեր–Պետրոսյանը միշտ իր խոսքի տերն է լինում ու եթե պետք է, ապա դառնում է միակ զոհը։

Սպասվում է, որ «հացադուլի» սպառնալիքի հնչեցումից հետո՝ բանտում մնացած երկու «քցվածները» հերթական նամակը կգրեն ու կասեն, թե պետք չէ հացադուլ անել ու դրանով իսկ խոչընդոտել «երկխոսությանը», և այլն, և այլն, և այլն։

ՀԱԿ քաղխորհրդի երկարատև քննարկումներից հետո, որն անշուշտ կվարի Լևոն Տեր–Պետրոսյանը, «արմատականներն» ընդառաջ կգնան «քցվածների» նամակ–հորդորներին ու կորոշեն դադարեցնել «հացադուլը» և նետվել «երկխոսության»։ Առաջ կքաշվի «թավշյա հացադուլի», այսինքն՝ «հաց ու մանդատ՝ հնազանդության դիմաց» գաղափարը և կսկսվի ստորագրահավաք՝ «հացադուլը» դադարեցնելու թեմայով։

Ի վերջո, Լևոնի «հացադուլի» դադարեցմանը նպաստելը ՀԱԿ–ը կարող է օգտագործել որպես պայման՝ իշխանությունների հետ «երկխոսության» դուռը ոչ միայն լրիվ բաց պահելու, այլ նույնիսկ դուռն այդ ընդհանրապես հանելու և սերժա–լևոնական տիրույթում հավերժ «սկվազնյակ» ապահովելու համար։

Կարծում եմ, որ վերը նկարագրված «հացադուլը» և դրա շուրջ սպասվելիք իրադարձությունների կյանքի կոչումը վատ գաղափար չէ, և ՀԱԿ այսօրվա հանրահավաքին պետք է համապատասխան որոշում կայացնել այս թեմայով։ Ընդ որում՝ կարելի է այնպիսի բան ասել, որ հետո ստիպված չլինես իրական հացադուլ սկսել կամ չսկսելու դեպքում՝ հերթական անգամ «խուրդվել»։

Կարելի է հետևյալ ձևակերպումով «ռասկրուտկա» անել «հացադուլը». «Եթե այս հանրահավաքին հաջորդող օրը չլինի հունիսի 1–ը, ապա ես միանում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի հացադուլին»։ Չվախենա՛ք։ Հունիսի 1–ը կգա, և ստիպված չեք լինի հաց չուտել։ Համ էլ դրանից հետո հնարավորություն կառաջանա հայտարարելու, թե ՀԱԿ հերթական պահանջը կատարվեց, և ռեժիմը խուճապի մեջ է։

Սա կլինի այն նույն տեխնոլոգիան, որի շրջանակներում մարդիկ միանում էին վիրտուալ նստացույցին։ Այն ժամանակ ամեն ինչ «երկխոսած» վերջացած էր ու ՀԱԿ վերնախավը գիտեր, որ պապիի պապան բաց է թողնելու մարտի մեկից հետո կալանավորվածներին ու դրա համար էլ «ռիսկով» ասեցին, որ եթե Նիկոլն ու Սասունը (փաստորեն՝ մնացած չորսը գլխաքանակային նշանակություն ունեն ՀԱԿ–ի համար) մայիսի 31–ի հանրահավաքին չգան, ապա իրենք կնստեն Օպերայի բակում։ Մարդիկ իրենց խոսքի տերն եղան ու այսօր «կնստեն»։ Մնում է «հացադուլը» սկսեն, և վերջ։

Եվ ուրեմն, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վե՛րջ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Եթե չեմ սխալվում (իսկ ես չեմ սխալվում), Լևոնն ասել էր, թե միայն վեց քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո է պատրաստ «երկխոսել» (տե՛ս http://7or.am/archives/41510), բայց հիմա ՀԱԿ–իստները շտապում են հայտարարել, թե Սերժ Սարգսյանը «բաց դիալոգի» կիսաբաց դուռը լրիվ բացել է ու իրենք պատրաստ  են ներս խցկվել։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն այնքան է ուզում գրկախառնվել «Եղիազարի» հետ, որ «մոռացել» է իր իսկ խոսքերի և «համաժողովրդական» «քվեարկությամբ» այս տարվա մարտի 1–ի հանրահավաքում ընդունված որոշման մասին։

Դե ինչ, մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ հաճախորդների հետ հարաբերություններ հաստատելու իր գեշ «խասիաթը» չի փոխել, այն է՝ «փչացնել», հետո նոր «երկխոսել» (տե՛ս http://7or.am/archives/60397

Այս խորագրի վերջին նյութերը