Քաղաքական

02.04.2021 17:20


Ռեժիմին ծառայելու հարցում դրսևորում է լուրջ ստեղծագործական մոտեցում, կոչ եմ անում՝ այդ մարդուն պարգևատրեն․ Ռուբեն Մելիքյան

Ռեժիմին ծառայելու հարցում դրսևորում է լուրջ ստեղծագործական մոտեցում, կոչ եմ անում՝ այդ մարդուն պարգևատրեն․ Ռուբեն Մելիքյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:

Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունը։ Այլ կերպ ասած՝ Դավթյանը ՍԴ-ից փորձում է թույլտվություն ստանալ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները վերաձևակերպելու, վերաորակելու և այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու համար։ Քրեական դատավարության մասնագետ Ռուբեն Մելիքյանին հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել գլխավոր դատախազի դիմումը:

«Նախ, պետք է արժանին մատուցել այս «լուծումը» գտնողին, նա իշխող ռեժիմին ծառայելու հարցում դրսևորում է բավականին լուրջ ստեղծագործական մոտեցում, և ես կոչ կանեի, որ այդ մարդուն պարգևատրեն։ Ես չգիտեմ՝ այդ մարդն ով է, բայց ամեն դեպքում բավականին հետաքրքիր իրավաբանական լուծում է գտել, բայց պետք է նշել, որ այս իրավաբանական լուծումը բավականին լուրջ թերություն ունի։ Նպատակը, բնականաբար, պարտությունը չընդունել և ձգձգելն է, բայց լուրջ թերությունները հետևյալն են․

1. Եթե խոսքը վերաբերում է գլխավոր դատախազին, ապա գլխավոր դատախազի դիմումը ՍԴ ինքնին որևէ պարտականություն չի կարող առաջացնել վարույթն իրականացնող մարմնի՝ տվյալ դեպքում դատարանի համար։ Դատախազի կողմից ՍԴ դիմելը լրիվ տրամաբանական գործառույթ է, բայց եթե վերաբերում է մինչդատական վարույթին, իսկ եթե խոսքը վերաբերում է դատական վարույթին, ապա այդ հնարավորությունը չպետք է խախտի կողմերի հավասարությունը, և կողմերի հավասարությունը չխախտելու համար մենք պետք է հստակ ընդունենք, որ դա դատարանի համար որևէ պարտականություն չի առաջացնում, և դատարանը շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիման վրա ունենալ պարտականություն` դադարեցնել քրեական հետապնդումը գոյություն չունեցող հոդվածով։

2. Դատարանը կարող է այդ պարտականությունից շեղվել բացառապես այն դեպքում, եթե ինքն է գտնում, որ իր իսկ կողմից կիրառման ենթակա հոդվածը սահմանադրական չէ, այսինքն՝ դատարանն ունի 2 տարբերակ՝ կա՛մ դիմել Սահմանադրական դատարան, կա՛մ դադարեցնել քրեական հետապնդումը։

3. Երբ դատախազությունը դիմում է ՍԴ, պետք է գիտակցի, որ ինքը ՍԴ դիմող այն սուբյեկտների թվում է, որը պետք է իր դիմումը կոնկրետացնի կոնկրետ քրեական գործի հետ կապված հարցերին։ Կան նաև դիմողներ, որոնք ընդհանուր կարգավորումների առումով կարող են դիմել, օրինակ՝ ՄԻՊ-ը, ԱԺ պատգամավորները, հանրապետության նախագահը։ Դատարանն ու դատախազությունը պետք է կոնկրետ, կիրառման ենթակա հարցի առնչությամբ դիմեն։ Հիմա այստեղ ամենակարևոր հարցն է առաջանում․ երբ դատախազությունը դիմում է ՍԴ և միաժամանակ միջնորդում է դատարանին, որպեսզի դատարանն էլ դիմի ՍԴ՝ նշելով, որ այստեղ առկա է տուժողների իրավունքների հարց, քանի որ դատախազությունը չունի վերաորակման հնարավորություն, ապա դատախազությունը պարտադիր պետք է նշի, թե այդ ինչ հոդվածով է ինքը ցանկանում վերաորակել, որ այդ հնարավորությունը չունի։ Սա, իմ կարծիքով, ամենասկզբունքային հարցն է։ Սորոսականները առաջին օրը պատվիրեցին վերաորակում իրականացնել և չեն գտնում Քրեական օրենսգրքի որևէ հոդված, որով հնարավոր է անգամ տեսականորեն այս, գոյությունը դադարեցրած հոդվածը։ Այսինքն՝ Գլխավոր դատախազությունը սորոսականների կողմից իջեցված պատվերը կատարելու համար ո՞ր հոդվածով է ցանկանում վերաորակել։ Եթե այս հարցին Գլխավոր դատախազությունը կարողանա պատասխանել, ինչին շատ լուրջ կասկածում եմ, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց Մելիքյանը։

Այս խորագրի վերջին նյութերը