Քաղաքական

02.04.2021 17:06


«Դատախազները պարզապես ճղճիմ փորձեր են կատարում հնարավորինս երկարաձգելու իրենց ապօրինությունները». Գագիկ Համբարձումյան

«Դատախազները պարզապես ճղճիմ փորձեր են կատարում հնարավորինս երկարաձգելու իրենց ապօրինությունները». Գագիկ Համբարձումյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ.-ին դիմել է Սահմանադրական դատարան:

Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր և բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման:

Քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությամբ այսօր հանդես եկան նաև ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով ներկա դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը:

Դատախազների այս դիրքորոշման առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանից:

«Ծանոթանալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազության միջնորդությանը՝ հերթական անգամ ականատես ենք լինում գլխավոր դատախազի և տեղակալների պաշտոնները զբաղեցնող հանցագործ ոչնչությունների ապուշության ռեկորդներին: Նրանք պարզապես ճղճիմ փորձեր են կատարում հնարավորինս երկարաձգելու իրենց ապօրինությունները»,-ասաց Գագիկ Համբարձումյանը:

Ոստիկանության գեներալ-մայորի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ եթե անգամ դիմեն ՍԴ, ու նրանց այդ միջնորդությունը բավարարվի, ինչը ակնհայտ է, որ չի լինելու, դա որևէ նշանակություն չի ունենալու այդ քրեական գործի համար, քանի որ մեղադրյալների վիճակը որևէ ձևով վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն:

«Անգամ, եթե իրենց նշած հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, և դատախազությանը հնարավորություն տան վերաորակումներ կատարել, դա կարող է կիրառելի լինել ՍԴ որոշումից հետո եղող դեպքերի համար»,-ասաց Գագիկ Համբարձումյանը:

Նա նաև նշեց, որ դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ անհապաղ Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի ու այս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով անցնող մյուսների նկատմամբ ու կարճել քրեական գործը:

Այս խորագրի վերջին նյութերը