Հարցազրույց

02.04.2021 15:07


ՀՀ-ն վերածվել է մի մեծ անկարգապահ կառույցի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀՀ-ն վերածվել է մի մեծ անկարգապահ կառույցի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ես կարող եմ միայն ԶՈւ ղեկավարությանը և ՀՀ ղեկավարությանը իմ խորը դժգոհությունն արտահայտել, որ այս պատերազմի ժամանակ և հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը վերածվել է մի մեծ անկարգապահ կառույցի, որտեղ չեն հասկանում, թե ով ինչ համազգեստ է կրում, և համազգեստի կրման պահանջներն ինչպիսինն են բանակի ներսում և բանակից դուրս` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով ԳՇ պետ Արտակ Դավթյանի չկոճկված համազգեստը Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ընդունելությանը, ինչպես նաև Ռուսաստանի դրոշի փոխարեն սեղանին Սերբիայի դրոշը դնելը։

ՀՀ և՛ Ոստիկանությունը, և՛ Ռազմական ոստիկանությունը իրենց պարտականություններն ակնհայտ այսօր չեն կատարում, որովհետև նրանք պետք է կարգի բերեն բոլորին՝ ասաց Սեյրան Օհանյանը։

«Նույնիսկ Երրորդ պատերազմի ժամանակ, երբ ինձ հնարավորություն էր ստեղծվում զրուցելու որևիցե ստորաբաժանման հետ, որը այս կամ այն հատվածում նահանջել էր, ես նրանց հետ խոսակցությունը սկսել եմ միշտ՝ գնահատելով նախ այն մարդկանց, ովքեր պատերազմի դաշտում իրենց հերոսություններն ու քաջագործություններն են կատարել, խիզախ են եղել, և այնուհետև շարունակել եմ միայն այն ժամանակ, երբ ասել եմ՝ տեսնո՞ւմ եք իմ արտաքին տեսքը, հիմա դուք բոլորդ զինվորականներ եք՝ կապ չունի մոբիլիզացիոն ռեսուրսի՞ց եք, թե՞ բանակի կանոնավոր կառույցներից, կարգի բերեք ձեզ։ Կարգի են բերել, շարք են կանգնել, նոր դրանից հետո ես զրույցը շարունակել եմ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նկատեց, որ նույնիսկ պետական կառույցներում է այդ «բարդակը»։

«Այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում վարչապետը՝ զինվորական 3 կառույցի ղեկավարները երեքն էլ տարբեր համազգեստով են նստած։ Պետության առաջին դեմքի մոտ Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ պետը այլ համազգեստով է նստած՝ դաշտային համազգեստով, ընդ որում ո՛չ իր տեղը, որովհետև ԳՇ պետը, որպես գեներալ-գնդապետ ավելի բարձր է, քան Ազգային անվտանգության ծառայության պետը, քան նաև ՀՀ ոստիկանապետը։ Իսկ օրինակ, ՀՀ ոստիկանապետը ոչ իր դաշտային, ոչ իր ամենօրյա համազգեստով է նստած, ԱԱԾ պետը մեթընդմերթ նաև հագնում է այն կտորից կարված ինչ-որ մի համազգեստ, որ Հայկական բանակի ծառայողի կտորն է»,-մտահոգություն հայտնեց Սեյրան Օհանյանը։

ՀՀ վարչապետի անվանգությունն ապահովողի վրա նա ուշադրություն հրավիրեց․ «Անվտանգությունն ապահովողը ՀՀ վարչապետի կողքով միշտ քայլում է դոշերը բաց, առանց գլխարկի, ինչ-որ մի անհասկանալի կանաչ քաղաքացիական կտորից կարված համազգեստով»։

Նա հորդորեց մեր պետությանը, մեր բոլոր զինվորական կառույցներին առաջին հերթին արտաքին տեսքը կարգի բերել, որովհետև դա զինվորական կարգապահության, զինվորական բարեկրթության, հասարակական վայրերում զինծառայողների պահվածքի մասերից մեկն է։

«Եվ պլյուս դրան՝ այդ համազգեստում մեր ընկերներն են պայքարել, կռվել և զոհվել, դա սպորտային հագուստ չէ, որ ով ինչ կերպ ուզում է՝ հագնի։ Հարկավոր է, որ նրանք, ովքեր նորմալ կերպով չեն կրում, այդ բոլոր համազգեստները բոլորի հագից հանեն, կամ կրեն ըստ իրենց զինվորական կոչման, առավել ևս՝ ԶՈւ ղեկավար կազմին»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Արտակ Դավթյանի մասին նա ասաց, որ որպես ԳՇ պետ Արտակ Դավթյանը արդեն նշանակված է և բոլորս պետք է այնպես անենք, որ օգնենք, որ ԳՇ պետը կայանա։

«Ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, եթե ինքը մի հետադարձ հայացք ձգի՝ ինչ ավանդույթներ են ձևավորվել բանակում, ինչ փորձ է ձևավորվել բանակում, իրենից առաջ ովքեր են եղել բանակի ղեկավարները, ինչ լավ բաներ կարելի է իրենցից վերցնել և այսօր օգտագործել ԶՈւ ղեկավարելու համար, այդ դեպքում մենք կունենանք հաջողություններ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը