Քաղաքական

02.04.2021 14:12


Սրա համար նորմալ երկրում ԱԺ-ն վարչապետին դուրս կշպրտեր․ Օնիկ Գասպարյանի փաստաբան (տեսանյութ)

Սրա համար նորմալ երկրում ԱԺ-ն վարչապետին դուրս կշպրտեր․ Օնիկ Գասպարյանի փաստաբան (տեսանյութ)

Դատական նիստի ընթացքում քննարկվեց կիրառված հայցի ապահովումը վերացնելու՝ վարչապետի կողմից միջնորդությունը և մեր առարկությունները։ Այս մասին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին առնչվող դատական գործից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Խնդիրն այն չէ, որ Օնիկ Գասպարյանը պարտադիր վերականգնվելու է պաշտոնին կամ չի վերականգնվելու, խնդիրը հետևյալն է՝ կան անձի և պետության հարաբերություններ, ՀՀ նախագահը չի ստորագրել Գասպարյանին պաշտոնից ազատման ակտը՝ նշելով, թե Սահմանադրության հետ խնդիրներ կան, հետո ասում են՝ ինչ-որ ֆորմուլայով որոշումն ուժի մեջ է մտել, որից հետո դիմում ենք դատարան, որովհետև այն անձը, որ պետք է դիմեր ՍԴ, չի դիմում, հետևաբար պետք է ընդունվեր մի ակտ, որը սահմանադրականության հետ խնդիրներ ունի, առնվազն ակտն ընդունող մարմնի կողմից այդպես է ընկալվում»,-ասաց Օրբելյանը։

Նա նշեց՝ պատասխանող կողմը դատարանին ասում է՝ քանի որ ակտ եք ընդունել, բայց մենք գտնում ենք, որ այն կատարման ենթակա չէ, վերացրեք, մենք չենք կատարելու։ «Այդ հիմնավորումները որևէ քննադատության չեն դիմանում։ Այսինքն՝ անձը մոտավորապես ասում է՝ ակտը չենք կատարելու․ փոխանակ քննարկեն՝ ինչպես անել, որ ակտը կատարվի, քննարկում են դա վերացնելը»,-նշեց նա։

Օրբելյանն ընդգծեց՝ դատական նիստի ժամանակ մոտավորապես ասվել է՝ վերջում որ որոշումն էլ ստանան, չեն կատարելու։

«Պատասխանողն ասում է՝ այս որոշումը որ ստանանք, մի հատ էլ դատի կտաք, կասեք՝ ստիպեք կատարել որոշումը, նոր կկատարենք։ Նման մոտեցման դեպքում ցանկացած իրեն հարգող երկրում վարչապետի ներկայացուցիչը, եթե ինքնագլուխ է արել, գործից կազատվեր, իսկ եթե ինքնագլուխ չէր արել, վարչապետը գործից կազատվեր։ Բացառվում է, որ ԱԺ-ն կամ պատասխանատու մարմինը վարչապետին դուրս չշպրտեր նման մոտեցման համար։ Եթե ներկայացուցչի ինքնուրույն միտքն էր, ինքը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության իր գործատուի կողմից, եթե ինքնուրույն չէր, և ներկայացնում է իր վստահորդի շահերը, ապա վստահորդը պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության»,-ասաց նա ՝ընդգծելով, որ դիմել են Դատախազություն և ակնկալում են համապատասխան քրեական գործի հարուցում՝ դատարանի ակտը չկատարելու հիմքով։

Դիտարկմանը, թե դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ են եղել, երբ Գասպարյանի հայցի ապահովման միջոց է կիրառել, և հարցին՝ այս դեպքում և՞ս հնարավոր են դատավորի նկատմամբ ճնշումներ, Օրբելյանն արձագանքեց, թե շատ կարևոր է, որ դատարանն ունենա եռակի անկախություն՝ այլ դատավորներից, դատական համակարգից, կողմերից, և գործադիր ու օրենսդիր մարմիններից, և կարևորեց, որ այդ հարցով դատավորը դիմում է ներկայացրել ԲԴԽ։

«Փորձեր, կարծում եմ, լինելու են, բայց քանի դեռ չկա արտաքին հիմնավորում այլ գործընթացի, ես չեմ կարող ենթադրությունների վրա հիմնվել, բայց որ միջամտության փորձեր եղել են վերջին տարիներին՝ հեռախոսազանգեր, հրապարակային ցուցումներ՝ ինչպիսի որոշումներ կայացնել, ակնհայտորեն արձանագրված են ու չեն հերքվել։ Հուսով ենք՝ դատարանի որոշումը կլինի անկաշկանդ ու կգործի որպես անկախ դատարան»,-ասաց նա։

Փաստաբանն ընդգծեց, որ եթե իրավունքի խախտումը ՀՀ տարածքում չվերացվի և իրենց վստահորդը մտափոխ չլինի, կհասնեն մինչև ՄԻԵԴ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը