Քաղաքական

02.04.2021 14:02


2016թ. ապրիլի և 2020թ. սեպտեմբերի լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունները ցույց տվեցին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ

2016թ. ապրիլի և 2020թ. սեպտեմբերի լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունները ցույց տվեցին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ

Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին ասված է Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի առթիվ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ: Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով:

Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգևորված իրագործված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություներն ավելի սաստկացրեցին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը:

Այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020թ. Թուրքայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

2016թ. ապրիլին և 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար: Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը