Տնտեսական

02.04.2021 12:10


Ուր են գնում գետնանցումներում գործող տաղավարների վարձավճարները․ «Ժողովուրդ»

Ուր են գնում գետնանցումներում գործող տաղավարների վարձավճարները․ «Ժողովուրդ»

«Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումն արդեն մի քանի տարի է, ինչ անմխիթար վիճակում է: Այս գետնանցումն արևելյան շուկա է հիշեցնում:

Մինչդեռ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մյուս՝ Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկի անցումը՝ Մետրոնոմը, վերանորոգված է, կահավորված, մաքուր, կոկիկ:

Թե ինչն է խոչընդոտում քաղաքային իշխանություններին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումը նորոգել, ավելի գեղեցկացնել, թերևս հայտնի է: Այս անցումի կրպակատերերը բանավոր զրույցում ասացին, որ տաղավարների վարձերը վճարում են քաղաքապետարան, ապա նկատեցին, որ այդ գումարները մասնավորապես «տնօրինում է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը»: Բայց այս մասին կրպակատերերը տեսախցիկի առաջ վախեցան խոստովանել: Ստացվում է, որ պաշտոնյան, որը պետք է եկամուտ ապահովի քաղաքային բյուջեի համար, իր օգտին է աշխատում:

ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Արմեն Հարությունյանի հետ և փոխանցեցինք, որ մեզ հայտնի է դարձել, թե ինքը հսկիչ է ուղարկում, որն ամեն օր մոտենում է կրպակատերերին և վերցնում գումարը: Մեր հարցին ի պատասխան Հարությունյանն արձագանքեց. «Ծիծաղելի է: աբսուրդ է, նման բան չի կարող գոյություն ունենալ: Ինչ է նշանակում, որ ես տնօրինում եմ այդ վարձակալության գումարները, եթե իրենք պայմանագիր ունեն կնքած և պայմանագրով իրենք վճարում են ու վճարում են համայնքի բյուջե: Պաշտոնապես, ես հայտարարում եմ, որ նմանատիպ բան չկա, դա հերյուրանք է, որևիցե մեկին ես չեմ կարող ուղարկել, ես չունեմ էլ մարդ, որ ուղարկեմ: Ես իմ աշխատանքային շրջանակում իրականացնում եմ իմ գործունեությունը»:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ փոքր Կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներից ստացված հասույթը ևս տնօրինում է Արմեն Հարությունյանին պատկանող ընկերությունը: Սակայն Հարությունյանը, լսելով այս տեղեկությունը, հայտարարեց, որ նման բան չկա:

Բացի այս, կրպակատերերից մի քանիսը տաղավարների վարձերը վճարում են կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով ArmLur.am-ը փորձեց զրուցել ղեկավար Ավետ Պողոսյանի հետ, սակայն վերջինս չբարեհաճեց աշխատասենյակից դուրս գալ: Իսկ մեզ ընդամենը հետաքրքրում էր, թե ինչու Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումը չի նորոգվում, կոկիկանում: Բայց պարզվում է, որ Կենտրոնի փողոցների փնթիության ու կեղտի հետ Ավետ Պողոսյանը վաղուց է համակերպվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը