Քաղաքական

02.04.2021 19:05


Դատարանը քննեց 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ, լրացված)

Դատարանը քննեց 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ, լրացված)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կանդրադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի քննությունը կարճելու վերաբերյալ դիմումին։

Սակայն դատավոր Դանիբեկյանն առաջնահերթ համարեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։

***

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը միջնորդություն են նախապատրաստել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար։ Նրանք գտնում են, որ գործում առկա են Սահմանադրությանը հակասող որոշ նորմեր։
Միջնորդությունը պաշտպանական կողմին տրամադրելու և դրան ծանոթանալու համար նիստն ընդմիջվեց։
***

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։

Նշենք, որ դեռևս մարտի 26-ին ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։

Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան։

***

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը։ Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրված նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։

Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ «Չկա հոդվածը, և չի կարող լինել այդ հոդվածով նախատեսված դեպք»,-ընդգծեց պաշտպան Հայկ Ալումյանը։
Պաշտպանական կողմը պահանջում է նաև փոփոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը՝ այն վերացնելով կամ զգալիորեն նվազեցնելով դրա չափը։ Բացի այդ, փաստաբանները պահանջում են, որ մեղադրող կողմը գրավոր ներողություն խնդրի ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

Մարտի 26-ին ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։

***

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին։

Այս խորագրի վերջին նյութերը