Մեկնաբանություն

02.04.2021 10:38


«Խաղաղասիրություն»․ դուբլ 2

«Խաղաղասիրություն»․ դուբլ 2

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես սկսեց խաղաղասիրություն քարոզել։ Դրա բանաձևային տեսքը հետևյալն էր․ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդներին»։

Թե ինչպես էր Նիկոլը պատրաստվում բավարարել Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին, պարզ չէր։ Նիկոլը թաքցնում էր, թե բա ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Նիկոլը մեր թշնամուն բավարարեց։ Դեռ մի բան էլ բոնուսներ տվեց։

Եվ այսպես, Նիկոլի «խաղաղասիրությունն» ավարտվեց Արցախի պետականության կորստով, տարածքային 2/3–ի նվազմամբ, հսկայական զոհերով, հազարավոր վիրավորներով ու հաշմանդամներով, տասնյակ հազարավոր անտուն մարդկանցով, Արցախի զարդ Շուշիի անկմամբ․․․

Իրականացավ Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի ցանկությունը։ Մեհրիբանը եկավ ու մուղամ լսեց Արցախում։ Քարերին թառած խաղաղասիրություն քարոզող, փամփուշտները ձուլող ու զարդեր պատրաստող Աննայի գործունեությունը պատերազմի օրերին ևս նպաստեց Ադրբեջանի ժողովրդին բավարարելուն։

Հիմա Նիկոլը կրկին «խաղաղասիրություն» է քարոզում։ Ասում է՝ եկեք Հայաստանի սահմանները նեղացնենք, ադրբեջանցիներն ինչ ուզում են տանք, որպեսզի պատերազմ չլինի, սահմանները բացվեն ու լավ ապրենք։

Ադրբեջանն իր ստացած տարածքներում անմիջապես զինվորական մասեր է հիմնում, խրամատներ փորում ու դրոշ տնկում, ինչը հուշում է, որ ամենևին էլ խաղաղասիրական չէ տրամադրված մեր թշնամին։ Ինչպես միշտ։

Որքան շատ է Նիկոլը դռնեդուռ ընկած խաղաղություն քարոզում, այնքան ագրեսիվանում է թշնամին։ Որքան շատ է Նիկոլը հանձնում Հայաստանի շահերը, այնքան բացվում է թշնամու ախորժակն ու ավելանում պատերազմի և նոր պարտության հավանականությունը։

Եզրահանգումը մեկն է՝ Նիկոլը «պատերազմի ու պարտության կուսակցության» ներկայացուցիչ է։ Այդ կուսակցության այս պահի դրոշակակիրը։ Միայն նրա հեռացմամբ է հնարավոր փակել մեր պատմության այս խայտառակ էջն ու բացել նոր՝ խաղաղության, արժանապատվության, զարգացման ու հաղթանակի էջերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը