Լրահոս

01.04.2021 17:50


Իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն. Կառլեն Խաչատրյան

Իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն. Կառլեն Խաչատրյան

Իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստից առաջ նշել է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, ո Հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել, որովհետեւ ներկա են եղել միայն համալսարանական անդամները, իսկ կառավարության կողմից ներկայացված անդամները չեն ներկայացել:

«Այս վերաբերմունքը վրդովեցուցիչ է: Հոգաբարձուների խորհուրդը բուհի կառավարման բարձրագույն մարմինը լինելուց զատ, նաև այն մարմինն է, որը պետք է հոգ տանի համալսարանի մասին: ՀԽ-ի անդամներն ամենաշատը պետք է մտահոգված լինեն բուհի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, ու հենց իրենք քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Չներկայացած անդամների քայլը ոչ միայն անարգանք է ՀԽ-ի մյուս անդամների, այլև ամբողջ կոլեկտիվի և բուհի նկատմամբ: Նա կոչ արեց գործընկերներին վերադառնալ կառուցողական դաշտ և համատեղ քննարկումների միջոցով լուծել խնդիրները»,-ասաց նա:

Կառլեն Խաչատրյանի կարծիքով, վերջերս մամուլում տարածված՝ բուհերի շենքերի վաճառքի վերաբերյալ տեղեկությունների ֆոնին այս վերաբերմունքից կարելի է հասկանալ, որ օրվա իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ համալսարանականները դա թույլ չեն տա:

ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, իմանալով, որ նիստին ներկա են միայն համալսարանական անդամները, հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա սաբոտաժ չէ:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը կարծիք հայտնեց, որ սա ցույց է տալիս, որ համալսարանների ՀԽ-ների կազմում կառավարության կողմից ընդգրկված անդամները ներկայացված են ոչ թե բուհի խնդիրները լուծելու, այլ իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար:

Դավիթ Ափոյանն ընթերցեց նիստից բացակայող անդամների անունները՝ փաստելով, որ նրանք արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել բուհի նկատմամբ:

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն իր հերթին նշեց, որ այս վիճակը ցույց է տալիս, որ ԵՊՀ-ի արժեզրկման, վարկաբեկման շղթան սկսվել է դեռևս 2018 թ. մայիսից, երբ տեղի ունեցան հայտնի անկարգությունները, երբ գիտխորհրդի նիստերի դահլիճը դարձել էր թղթախաղի վայր: Մենուա Սողոմոնյանը, միանալով Կառլեն Խաչատրյանի հորդորին, առաջարկեց ևս մեկ անգամ հնարավորություն տալ և նույն օրակարգով որքան հնարավոր է շուտ հրավիրել նիստ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը նշեց, որ սաբոտաժները, որոնք կազմակերպվում են, չեն հաջողելու, քանի որ ԵՊՀ-ն միայն շենք չէ, այն ունի սրտացավ ուսանողներ, դասախոսներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:

Ստորև ներկայացնում ենք նիստին չմասնակցած անդամների անունները.

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն

Հ. Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար

Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ

Ա. Քերոբյան - Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար

Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն

Հ. Արշամյան - «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի տնօրեն

Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն

Ա. Չուբարյան - Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր

Ն. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը