Լրահոս

31.03.2021 17:21


«Այնքան տականք են եղել, որ չեն ասել, թե հոկտեմբերի 11-ին Հադրութը գրավել է թշնամին, ինչո՞ւ էին մեր երեխաներին տանում այնտեղ». զոհված զինծառայողի ծնող

«Այնքան տականք են եղել, որ չեն ասել, թե հոկտեմբերի 11-ին Հադրութը գրավել է թշնամին, ինչո՞ւ էին մեր երեխաներին տանում այնտեղ». զոհված զինծառայողի ծնող

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում հանդիպել է արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած մի խումբ զինվորների ծնողների։

Ըստ պատգամավորի, ծնողներն են իրեն դիմել: Նրանց հետաքրքրել է, թե ինչ ընթացքի մեջ են իրենց որդիների զոհվելու և անհետացման վերաբերյալ հարուցված քրեական գործերը։

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը՝ Տոնական Շահբարյանն ասաց, որ դիմել է ամեն տեղ, առայժմ ոչ մի բան իրենց չեն ասում՝ հարցը դեռ լուծված չէ, ոչ մի բացատրություն չեն տալիս։

«Մենք ասում ենք՝ այս գործի մեջ հանցագործները 4-5 հոգի են, անուններն էլ տալիս ենք, բերեք իրար կողքի ու որոշեք, թե ով է մեղավոր։ Այդ ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարն է եղել Ջալալ Հարությունյանը, Մարտունու զորամասի գնդի հրամանատարը, որտեղ որդիս ծառայում էր՝ Իշխանյան Գոռը։ Մեզ աչքեր են ցույց տալիս, թե Իշխանյան Գոռին հանկարծ բան չասեք, ականջներդ կոլորենք։ Միանշանակ միտումնավոր գործը ձգձգում են, որպեսզի մենք ծնողներով պառակտվենք, ու այդպես էլ գործը մաքրվի-գնա։ Բայց նման բան չի լինելու, ինչքան ես շնչում եմ, այնքան պայքարելու եմ։ Ես էլ կորցնելու բան չունեմ, իմ թանկը կորցրել եմ, դիմելու եմ անհնարինին»,-ասաց Տոնական Շահբարյանը։

Նա նշեց, որ որդին կարմիր դիպլոմով ավարտել է բժշկական հենակետային քոլեջը, եղել է զորամասի բուժակը։

«Այնքան տականքներ են եղել, որ երեխաները օգնության են դիմել, ասել են, որ փամփուշտները վերջանում են։ Ես եմ գնացել իմ երեխուն գտել ու բերել, շնորհակալ եմ Արցախի ԱԻ նախարար Կարեն Սարգսյանից ու գեներալ Մուրադովից, իրենք մեզ աջակցել են։ Մտել ենք մորգ, երեխաները բինտով փաթաթած են եղել, ճիշտ է, երկու ամիս անցել էր, բայց երևում էր, որ վիրավորներին օգնություն են ցույց տվել, ի՞նչ իմանամ, գուցե իմ երեխան 3-4 օր արնաքամ է եղել։ Այնքան տականք են եղել, որ չեն ասել, թե հոկտեմբերի 11-ին ամեն ինչ վերջացած է, Հադրութը գրավել է թշնամին, իրենք ինչո՞ւ էին մեր երեխաներին տանում այնտեղ։ Հոկտեմբերի 11-ին Հադրութը գրավված է եղել, դրոշը խփած է եղել, այստեղից գալիս ենք այն եզրահանգման, որ հայի ձեռքով վաճառել են թուրքին»,-եզրափակեց Տոնական Շահբարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը