Լրահոս

31.03.2021 17:08


«Իրենց հետ էլ թող նույնը լինի՝ մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն, որ մեզ հասկանան՝ բոլորիս կյանքը կործանեցին». զոհված զինծառայողի ծնող

«Իրենց հետ էլ թող նույնը լինի՝ մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն, որ մեզ հասկանան՝ բոլորիս կյանքը կործանեցին». զոհված զինծառայողի ծնող

Արցախի պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հոր՝ Արթուր Կիրակոսյանի խոսքով՝ որդուն, ով պատերազմի ժամանակ ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, դիտավորյալ են հոկտեմբերի 11-ին տարել թշնամու կողմից արդեն գրավված Հադրութ, որպեսզի զոհվի։

«Վերջին անգամ երեխուս հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին։ Հիմա ես կասկածում եմ՝ այդ հեռախոսներով, որ երեխեքին ասում էին՝ մի խոսեք, ծրագիր է եղել։ Հետաքրքրվել եմ՝ սմարթֆոնները GPS-ի տեղն ասում են, իսկ հասարակ հեռախոսները չեն կարող գտնել, թե այդ որտեղից են խոսում։ Ես փոշմանել եմ, որ ամեն ինչի մասին մանրամասն չեմ հարցրել իմ երեխուց, միշտ ասել ենք՝ լավ, ավելորդ բաներ չհարցնենք երեխուց։ Հիմա կասկածում եմ, որ երեխեքին դիտմամբ են ասել, որ բան չպատմեն, որպեսզի չգնան Արցախ ու չտեսնեն, թե ինչ սպանոցի է, ինչ կրակ է թափվում։ Ես կարող էի այդ բանն անել ու երեխուս փրկել, ես ինքս բժշկի օգնական եմ եղել, բայց սեփական դիմումիս համաձայն՝ դուրս եմ եկել աշխատանքից, քանի որ մեծ սթրես եմ տարել և այլևս չեմ կարողանում աշխատել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ Մարտունու զորամասի գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը հոկտեմբերի 11-ին, երբ Հադրութն արդեն թշնամու կողմից գրավված էր, ռացիայով հրաման է տվել և երեխաներին խաբելով՝ տարել գրավյալ տարածքներ, սկզբում ասել է, որ տանում են պահեստներ, բայց տարել է Հադրութ։

«Ես վկա ունեմ, բայց նրան չվնասելու համար՝ անուն չեմ տա, ինքը կամավորական է։ Եթե երեխեքը մնային իրենց դիրքերում, իրենց մազը չէր ծռվի։ Ինչո՞ւ ես պետք է 53 օր իմ երեխուն ման գայի, ու ինձ խաբեին, Պաշտպանության նախարարություն առհասարակ չկա, այդ տարածքը ոնց որ դատարկ դարմայեդների հավաքածու լինի։ Երեխուս նկարը ցույց էի տալիս զինծառայող քյորփեքին, ասում էի՝ տղերք, կարող է իմ երեխուն տեսած լինեք, չիմանալով, որ երեխուս արդեն տարել ու կոտորել են։ Ասում էի՝ տղերք, մի ամսվա ծառայողին տանում են առաջին գիծ, ինձ չցավեցնելու համար, ասում էին՝ չէ, հոպար ջան, բունկերներում են պահում, արխային, բան չկա։ Բայց մի վիրավոր հրամանատար կար, ասաց՝ ախպեր ջան բոլորին էլ տանում են, 10 օրվա ծառայողին էլ են տանում»,-հավելեց Արթուր Կիրակոսյանը։

Նա միայն մեկ ցանկություն ունի՝ պատժվեն որդու զոհվելու համար բոլոր մեղավորները։

«Թող Աստված նրանց պատժի, Աստվածն էլ չպատժի, մենք ծնողներով կպայքարենք։ Իրենց հետ էլ թող նույնը լինի, մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն, որ նոր հասկանան, թե ինչ ցավ են պատճառել մեզ։ Կյանքս կործանվել է, բոլորիս կյանքը կործանեցին»,-եզրափակեց նա։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը