Քաղաքական

30.03.2021 16:07


Խրոխտ ձայնով նիստերի ընթացքում խոսող դատախազներն այսօր վախեցան ներկայանալ դատարան. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Խրոխտ ձայնով նիստերի ընթացքում խոսող դատախազներն այսօր վախեցան ներկայանալ դատարան. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հակասահմանադրական և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այդ վճռից հետո այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել էր առաջին դատական նիստ, որին ներկա էին գործով անցնող բոլոր անձինք, սակայն բացակայում էին մեղադրող դատախազները:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Գևորգ Բաղդասարյանի դիմումը, ըստ որի՝ վերջինս տեղեկացնում էր, որ ՍԴ որոշման հետ կապված՝ ծավալուն միջնորդություն է կազմում և խնդրում է հետաձգել դատական նիստը մինչև ապրիլի 6-ը:

Թեև փաստաբան Արամ Վարդևանյանը պնդեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա 300.1 հոդվածը, և այս պարագայում անհնար է շարունակել այս գործով դատաքննությունը, ինչ է թե՝ դատախազները ներկա չեն դատական նիստին, այդուհանդերձ դատավորը որոշեց գործի քննությունը հետաձգել մինչև ապրիլի 2-ը, ժամը 13:00-ն, ու այդ դատական նիստում քննարկել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց.

«Առաջին հերթին եկեք արձանագրենք՝ այն դատախազները, որոնք միշտ խրոխտ ձայնով գալիս-ներկայանում էին դատական նիստերի, նույնիսկ ասում էին, որ իրենք ոչ թե օգտագործվող էին, այլ օգտագործող, այսօր նույնիսկ դատական նիստի չներկայացան: Ամբողջ դատախազությունից գեթ մեկ դատախազ չգտնվեց, որ գա ներկայանա դատական նիստին. սա ինձ համար ապշելու երևույթ էր»:

Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորում, փաստաբանը պատասխանեց. «Երևի թե վախեցան գալ-ներկայանալ դատական նիստի»:

«Որոշումը հրապարակվել է երեկվա դրությամբ, որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է մարտի 26-ին, իսկ եզրափակիչ մասից արդեն ամեն ինչ պարզ էր, որ, օրինակ, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեպքում արդեն իսկ քրեական հետապնդումն ապօրինի է, որովհետև Քրեական օրենսգրքում այդ հոդվածը չկա: Դատախազությունը հիմա փորձում է ամեն կերպ քաղաքական պատվիրատուների իղձերը և ցանկություններն ինչ-որ կերպ հետաձգել, թե ինչ է անում, շատ դժվարանում եմ ասել, բայց մի բան հստակ կասեմ՝ սա իրավաբանություն չէր:

Եթե տիկին Դանիբեկյանի համար նորմալ էր այդպիսի ձևով նիստեր հետաձգելը, ես ունեմ տասից ավելի ՍԴ որոշումներ, որոնք ուզում եմ ուսումնասիրել, տարատեսակ միջնորդություններ ներկայացնել, հենց այդպես էլ անելու եմ»,-անդրադառնալով դատական նիստին՝ մեկնաբանեց Արամ Վարդևանյանը:

Դիտարկմանը, թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն ասում են, որ մեղադրանքը պետք է լրացվի 223 հոդվածով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը, նա արձագանքեց. «Դա ինձ մոտ ժպիտ է առաջացնում»:

Առհասարակ, վերաորակման հնարավորության մասին խոսելիս էլ փաստաբանը հիշեցրեց.

«Քրեական դատավարության օրենսգիրքն ուղղակիորեն նշում է, որ պետք է լինեն կոնկրետ նոր փաստական հանգամանքներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել. ո՞րն է այդ նոր փաստական հանգամանքը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն ուզում են ասել, որ ՀՔԾ-ն և Դատախազությունն այն աստիճանի ոչ կոմպետենտ են եղել, որ մեկ տարի գործ են քննել, գտել են, որ 300.1 հոդվածն է այն հիմքը, որով կարող են մեղադրանք առաջադրել, բայց սխալ են եղե՞լ: Այսինքն՝ նման կերպ վիրավորում են ՀՔԾ-ին ու Դատախազությա՞նը: Նույնիսկ ես ՀՔԾ-ի և Դատախազության համար վատ եմ զգում:

Բայց մի բան էլ եմ ուզում ձեզ բոլորին խնդրել, հարգելի գործընկերներ, վերհիշեք միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը ներկայացրել էր Էրիկ Ալեքսանյանը, և տեսեք, թե Գևորգ Բաղդասարյանն ինչ է ասում այս գործով վերաորակման հնարավորության մասին:

Ի դեպ, Գևորգ Բաղդասարյանը նույնիսկ իմ հիմնավորումներից ավելի լավ ձևով է հիմնավորում ՝ ինչպես չի կարող լինել արարքի վերաորակում ՍԴ կարգը տապալելը հոդվածի դեպքում, քանի որ, բառացի մեջբերեմ՝ «այն կլանում է բոլոր մյուս տեսակ հանցակազմերը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը