Մեկնաբանություն

30.03.2021 11:26


Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի և հանուն Թուրքիայի

Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի և հանուն Թուրքիայի

Արցախի խնդրի հարցով միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի վրա է։

Իրենց միջնորդական առաքելության մեջ այդ երկրները գործում են համագործակցված։ Անգամ ԱՄՆ-Ռուսաստան սուր հակասությունների ֆոնին ձևաչափը պահպանել է իր կոնսենսուսային ոգին։

Միջնորդական այդ ձևաչափի դեմ տարիներ շարունակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա դժգոհում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Դժգոհում էր, որ իր ուզածով չեն տանում բանակցությունները։

Ալիևը հիմա էլ է դժգոհում։ Ավելի ճիշտ՝ համարում է, որ միջնորդների կարիք այլևս չկա, քանզի Արցախի հարցը լուծվել է։ Ալիևին հոգեհարազատ է Թուրքիայի ներգրավումը կովկասյան տարածաշրջան։

Ուշագրավն այն է, որ ալիևյան գծի մեջ է հայտնվել նաև պաշտոնական Երևանը։ Նիկոլ Փաշինյանը գյուղից գյուղ ընկած քարոզ է տանում ու Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հավասարության նշան դնում ցեղասպան Թուրքիայի ու զոհերի միջև («Ինչքան մենք իրենց համարում ենք թշնամի, այնքան իրենք են մեզ համարում թշնամի․․․»)։

Նիկոլի պրոադրբեջանական ու պրոթուրքական քարոզին երեկ միացավ նաև ՀՀ արտգործնախարարը։ Նա մեղադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին այն բանի համար, որ չկանխեցին պատերազմը։

«Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը»,-հայտարարել է նախարար Արա Այվազյանը՝ Զոհրաբ Մնացականյանի է՛լ ավելի գորշ տեսակը։

Նկատենք, որ սա սադրիչ հայտարարություն է և ուղղված է ՀՀ շահերի դեմ։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի ձախողումները թաքցնելու նպատակ հետապնդող հայտարարություն է։

Իրականությունն այն է, որ պատերազմի պատճառը Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունն էր։ Նիկոլի «սեփական կետից» բանակցությունները վարելը, իրարամերժ հայտարարություններ անելը, բանակցային գործընթացը տապալելը, «վերելակային» դիվանագիտություն իրականացնելը, Ալիևին սադրելը, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելը, Արցախյան պատերազմի հաղթանակներն ու այդ հաղթանակը կերտողներին վարկաբեկելը, բանակը ներսից քանդելը և Ադրբեջանի համար «կազուս բելի» առաջացնելը բերեցին պատերազմի։

Պարտության ու կապիտուլյացիայի համար նույնպես Նիկոլն է թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը։ Տվյալ դեպքում գործ ունենք դավաճանության ու հիմարության խառնուրդի հետ։

Ի դեպ, Մինսկի խմբից բողոքում էր նաև Թուրքիան ու առաջարկում փոխել ձևաչափը՝ 3+3 բանաձևով՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան + Ադրբեջան, Հայաստան, Վրաստան։ ՀՀ արտգործնախարարի հայտարարությունն, ըստ էության, այն մասին էր, որ Հայաստանը կողմ է թուրքական առաջարկին։ Ահա այսպիսի բաներ։ Բայց դե կարևորը խառը կանաչին շուտով կէժանանա, քանզի Սյունիքը հանձնելուց հետո թուրքերը դա խոստացել են․․․

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը