Քաղաքական

30.03.2021 10:51


Լոռու մարզպետն աշխատանքից ազատել է Փաշինյանի հանրահավաքին մասնակցելուց հրաժարված մասնագետին

Լոռու մարզպետն աշխատանքից ազատել է Փաշինյանի հանրահավաքին մասնակցելուց հրաժարված մասնագետին

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար սպառնացել են ոստիկանությամբ և ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել:

Hraparak-ի հետ զրույցում Բաղդասարյանը պատմեց, որ իրեն զանգել են ՔՊ գրասենյակից և ասել, որ Մարտի 1-ի հանրահավաքին պիտի մասնակցի․

«Մոտ 5 տարի է, ինչ աշխատում եմ քաղծառայության ոլորտում, 2016-ից 19-ը մարզպետարանում եմ եղել, 2019-ից 20 թվականներին մոտ 4 ամսով տեղափոխվել եմ Երևան՝ Էկոնոմիկայի նախարարություն, հետո այնտեղից նորից վերադարձել եմ մարզպետարան՝ նույն հաստիքին։ Մասնակցել եմ Արցախյան երրորդ պատերազմին, 50 օր եղել եմ սահմանում։ Վերադարձել եմ, իմ քաղաքական տեսակետները ֆեյսբուքի իմ էջում հայտնել եմ, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործունեության վերաբերյալ իմ մեկնաբանություններն եմ արել, որից հետո փետրվարի 28-ին հանրահավաքի հետ կապված մի գրառում եմ արել, թե արդյոք մեզ հանրահավաքներ պե՞տք են՝ նկատի ունենալով, որ ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ և այլն, պետք է առաջնահերթ իրենց լուծումները գտնենք։ Հենց նույն օրը ինձ զանգում են, ներկայանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ինձ հիշեցնում են, որ Վանաձորի մշակույթի պալատի մոտից մեքենաները շարժվելու են Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու, ինձ էլ ասացին, որ գնամ։ Ես էլ պատասխանում եմ՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ես պատրաստվում եմ հանրահավաքի մասնակցել, իրենք ինձ պատասխանում են՝ ինչի՞ չե՞ք մասնակցելու։ Ես ասում եմ՝ ոչ և անջատում եմ։ Մարտի 9-ից 12-ը ես արձակուրդ եմ վերցնում, քանի որ առողջական թեթևակի խնդիրներ կային, արձակուրդից վերադառնում են մարտի 15-ին, ինձ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է իր մոտ կանչում ու հայտնում մարզպետի անունից, որ կա՛մ ազատման դիմում ես ներկայացնում, կա՛մ գործերս ուղարկվում է ոստիկանություն։ Ես մարզպետին դիմում եմ գրում, պարզաբանում եմ պահանջում, թե ինչո՞ւ է տվյալ անձի միջոցով ինձ այդ ինֆորմացիան հասնում, և ո՞րն է անձնական գործերս քննելու պատճառը, աշխատանքային օրենսգրքով ի՞նչ խախտում եմ արել և ինչո՞ւմ եմ աշխատանքի մեջ թերացել։ Իրենք հիմա ինձ պատասխան են ուղարկել, որ ես իմ սեփական դիմումի հիման վրա ազատվել եմ։ Իսկ ես իմ դիմումի հիման վրա ազատվել եմ, որովհետև ամսի 15-ին և 16-ին ես փորձում եմ մարզպետի հետ հանդիպել, հասկանալ, թե որն է խնդիրը, բայց ինքը մերժում է և չի ցանկանում ինձ հետ հանդիպել։ Մարզպետարանի 2 աշխատակիցներով դիմում ենք, ինձ չի ընդունում, մյուսին ընդունում է։ Հետո 2-րդ, 3-րդ անձանց միջոցով ինձ փոխանցում են, որ պատճառը ֆեյբուքում իմ արած գրառումներն են՝ կապված հանրահավաքների հետ»,-ասաց Բաղդասարյանը։

Հարցրինք՝ ինչո՞ւ է դիմում գրել, և ինչո՞ւ պիտի իր գործերը ուղարկեին ոստիկանություն․

«Ինձ սպառնում էին, ճնշումներ էին գործադրում, ժամանակ էին ինձ տալիս, թե եթե մինչև ամսի 15-ի ժամը 10։00 դիմում չգրեմ, գործերս ուղարկում են ոստիկանություն։ Ես դիմում չեմ գրում, ժամը 10-ին, գործերս չեն ուղարկում։ Անցնում է որոշակի ժամանակահատված, ընդմիջումից հետո ինձ փոխմարզպետն է իր մոտ կանչում՝ Գոռ Ասրյանը, ու ինձ ասում՝ դու գիտե՞ս չէ, որ քո անձնական գործերը պիտի քննվի ուղարկվի ոստիկանություն։ Ասում եմ՝ ես մինչև մարզպետի հետ չհանդիպեմ, չեմ գրելու։ Ես էլ մինչև հիմա չգիտեմ, թե ինչո՞ւ պիտի իմ գործերը ուղարկեին ոստիկանություն, ու չեմ էլ կարողացել իմ դիմումին ի պատասխան իմանալ այդ պատճառը։ Այդ սպառնալիքների, ճնշումների գործադրմամաբ, ու որ ես էլ մի քիչ սթրեսային իրավիճակում եմ, կոպիտ ասած՝ թքել ու դուրս եմ եկել»,-պատասխանեց Բաղդասարյանը։

Հանրահավքի օրը Mediaport-ը կադրեր էր հրապարակել, թե ինչպես է մարզպետ Արամ Խաչատրյանն անձամբ մարդկանց լցնում ավտոբուսներն ու ուղարկում Փաշինյանի հանրահավաքին:

Նախքան այդ էլ, նույն մարզպետն աշխատանից ազատել էր Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն, մարզի գլխավոր ուռոլոգ Արտակ Եդոյանին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը