Քաղաքական

30.03.2021 10:38


Փաշինյանի ոչ ալաշկերտցի աջակիցը՝ այստեղ, այնտեղ և ամենուր (տեսանյութ)

Փաշինյանի ոչ ալաշկերտցի աջակիցը՝ այստեղ, այնտեղ և ամենուր (տեսանյութ)

Արմավիրի մարզի տարբեր համայնքներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները բնակիչների հետ նախապես ծրագրված էր, այցի մասին մարզում տեղեկացված էին, որ Փաշինյանը Արմավիր պետք է գնար շաբաթ օրը՝ մարտի 27-ին, սակայն անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ այցը մեկ օրով հետաձգվել էր։

Մարտի 28-ին Փաշինյանն իրեն ուղեկցող պաշտոնյաներով, պատգամավորներով եղավ Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ և Նալբանդյան համայնքներում։ Մարզում կա 97 համայնք, Թուրքիային սահմանամերձ 7 համայնք, ուր, ըստ պաշտոնական տեղեկության՝ ապրում է մարզի բնակչության 10.1%-ը: Այնինչ, այս մարզի ոչ սահմանամերձ Նալբանդյան գյուղում Փաշինյանը խոսեց տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու, ինչպես նաև մեր նկատմամբ տարածաշրջանի դիտանկյունը փոխելու մասին:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում համայնքները, ուր Փաշինյանն այցելում է: Փորձեցինք հարցի պատասխանը ստանալ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, ապարդյուն, մեր զանգերը մնացին անպատասխան։ Մինչդեռ 168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանն այցելում է այն գյուղեր, որտեղ ունի ավելի մեծ թվով «աջակիցներ»։

Օրինակ՝ Արագած համայնքը, որը Փաշինյանի առաջին կանգառն էր՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ՝ Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի գյուղն է, և մեր տեղեկություններով՝ հենց նա էլ ապահովել էր մարդկանց ներկայությունը Փաշինյանի այցին։

Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Արգիշտի Մեխակյանին, սակայն նրա օգնականը պատասխանեց, որ Մեխակյանը զբաղված է․

«Պարոն Մեխակյանը չի կարող խոսել ձեզ հետ, ինքը զբաղված է»։

Ըստ մեր տեղեկությունների՝ կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված Փաշինյանի այցը Ակնալիճ վերջին պահին փոխարինվել է Ալաշկերտ համայնքով, որը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրական գյուղն է։

Ի դեպ՝ 168.am-ը ֆիքսել է, որ Ալաշկերտ համայնքում Փաշինյանի աջակիցների մեջ էր նաև նրա հանրահավաքների և երթերի մշտական մասնակից մի տղամարդ, որն ամեն տեղ հպարտանում էր, որ իր ընտրությունը մեկ անգամ և երկար ժամանակով կատարել է.

«Ես՝ որպես ընտրող քաղաքացի, 2018 թվականին իմ ընտրությունը կատարել եմ, 50 տարով կատարել եմ, ես էդ ձև եմ մտածում, նույն հաջողությամբ երբ որ լինի՝ նույն հաջողությամբ իմ ընտրությունը կատարելու եմ, բայց մեր դատավորները հարվածում են, իմ ուսին հարվածում են, մեր ուսին հարվածում են՝ ուրեմն ձեր ուսին են հարվածում, պարոն վարչապետ, չե՛նք ուզում տենց դատավորներ։ Մենք՝ ժողովուրդս, պատրաստ ենք ամեն վայրկյան, ամեն վայրկյան ես՝ որպես ընտրող քաղաքացի, ես 3 տարի ա՝ պայքարի մեջ եմ, պռոստո դատավորները չեն արդարացնում իրանց։ Կան կոռումպացված դատավորներ, մի հատ էլ 300.1-ը, կարծես թե Մարտի 1 չի եղել, տանկեր չեն հելել, մարդ չեն․․․ կարծես թե էդ ձև բան չի եղել։ Մեզ դեբիլի տեղ են դնում, իրանց դեբիլ հալով, էսօրվա դրությամբ ես չեմ ուզում ուրիշ բառեր խոսամ, ինչ կա՝ ես էն եմ ասում․․․»։

Տեղեկացանք, որ այս քաղաքացին Ալաշկերտ համայնքի բնակիչ չէ, ստացած տեղեկությունը ճշտելու նպատակով զանգահարեցինք Ալաշկերտի համայնքի ղեկավար Կարեն Հավհաննիսյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, թե Փաշինյանի այցի մասին նախապես չեն իմացել, ասաց, որ ինքը հանդիպմանը ներկա չի եղել․

«Համայնքում տեղյակ չենք եղել, ուղղակի անցնելու ժամանակ համագյուղացիներից առաջարկել են, եկել, հանդիպել է։ Այդ տղամարդը, որը դատարանների մասին է խոսում, մեր համագյուղացի չէ»։

Ի դեպ, այս քաղաքացին շատ ակտիվ մասնակցում էր Փաշինյանի վերջին հանրահավաքներին, անգամ, երբ լրագրողները հարց էին ուղղում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին, այս քաղաքացին միջամտում և կանխելով պատգամավորին՝ նրա փոխարեն ելույթ էր ունենում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանի այցի համար Նալբանդյան գյուղն էլ պատահական չէր ընտրվել, ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նալբանդյանում մեծ թվով բարեկամներ ունի։

Ինչպես Արագոծտնի մարզում, այնպես էլ Արմավիրի մարզի յուրաքանչյուր բնակավայրում նա ելույթը սկսում էր տվյալ համայնքի զոհվածների հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով, հետո անցնում քաղաքական, սոցիալական, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու խնդիրներին, ապա սահուն անցում կատարում ընտրական թեմաներին:

Արմավիրի մարզում Փաշինյանի այցելած 4 համայնքներից մեկում՝ Ալաշկերտում, զոհ չկա, համենայն դեպս, այնտեղ Փաշինյանը չկարդաց զոհվածի անուն, իսկ ահա մյուս 3 համայնքներում ընդհանուր առմամբ Արցախյան վերջին պատերազմի 18 նահատակ կա:

Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանի այցն Արմավիրի մարզ վատ եղանակի պատճառով հետաձգվեց և մարտի 27-ից տեղափոխվեց մարտի 28-ին, 168.am-ը հենց նախորդ օրը շրջել էր Արագած համայնքի փողոցներով, գյուղացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ինչպես նաև զրուցել քաղաքականության, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը