Տնտեսական

29.03.2021 19:21


«Սանիթեք»-ի վնասները գերազանցում են 25 միլիոն դոլարը. ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարանին է ներկայացրել իր ներդրումային հայցն ընդդեմ Հայաստանի

«Սանիթեք»-ի վնասները գերազանցում են 25 միլիոն դոլարը. ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարանին է ներկայացրել իր ներդրումային հայցն ընդդեմ Հայաստանի

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ դիմել են միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը:

Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրահուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի։

Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Վեճն առաջացել է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան և Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումներից՝ կապված Երևանի աղբահանության ոլորտում «Սանիթեք»-ի ներդրումների հետ: Ավելի կոնկրետ, վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից: Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեք»-ի աշխատանքն ի սկզբանե արժանացել էր Երևանի բնակիչների բարձր գնահատականին՝ Երևանի քաղաքապետարանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշեց հեռացնել «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ:

Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ: Ավելին, նոր պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:

«Սանիթեք»-ի վնասները, ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:

Այս հայտարարությունը հետևում է «Սանիթեք»-ի ավելի վաղ, մասնավորապես՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին տարածած հայտարարությանը, որով ընկերությունը ծանուցել էր իրավասու պետական մարմիններին արբիտրաժային հայց ներկայացնելու մտադրության մասին: Սակայն մինչ օրս այդ ծանուցումն անպատասխան է մնացել պետական մարմինների կողմից:

Հայաստանի կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերել օտարերկրյա ներդրողի նկատմամբ, և, մասնավորապես, Երևանի նոր քաղաքային իշխանությունները, որդեգրելով վճռական քաղաքականության ռազմավարություն, ավելի սրեցին լարվածությունը «Սանիթեք»-ի հետ` քաղաքական առավելություն ստանալու նպատակով վերջինս փոխարինելով քաղաքային ընկերությամբ:

Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստենք, որ Հայաստանը չկարողացավ պաշտպանել «Սանիթեք»-ի ներդրումներն անհիմն կամ խտրական գործընթացներից և արդարացի վերաբերմունք ցուցաբերել:

Հայաստանն ապօրինի կերպով բռնագրավեց հայցվորների ներդրումներն առանց օրինական հանրային շահի, պատշաճ ընթացակարգի, խտրական հիմունքներով և առանց արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցում վճարելու: «Սանիթեք» ընկերությունն ու իր ներդրողները նախատեսում են վերականգնել իրենց խախտված իրավունքները միջազգային արբիտրաժի միջոցով` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը