Քաղաքական

28.03.2021 08:56


Օրինական երկրի դատարանում Խաչատուրովի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը արդեն պետք է կայացված լիներ. փաստաբան

Օրինական երկրի դատարանում Խաչատուրովի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը արդեն պետք է կայացված լիներ. փաստաբան

Այն մարդիկ, որոնք կարծում են, որ վերաորակման ընթացակարգ կա, իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեն, նրանք մեկ անձի բարբաջանքներին տուրք տալով՝ շարունակում են այդ գիծը առաջ տանել, որի հիմնական նպատակը որոշ անձանց մեղադրյալի կարգավիճակում տեսնելն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով 300.1 հոդվածի վերաորակաորման հնարավորությանը:

«Այս որոշման միակ իրավական հետեւանքը քրեական հետախնդումը դադարեցնելու մասին որոշման կայացումն է դատարանի կողմից, որից բացի ցանկացած գործողություն, եթե նախաձեռնվի, անօրինական է լինելու։ Եւ եթե մինչ այս պահը որեւէ մեկի մոտ կասկած կար, որ սա ուղղակի քաղաքական իշխանության կամ դրան սատարող իրավապահ համակարգից մի քանի հոգու ցանկությունների արդյունք է, սրանից հետո ավելի ակնհայտ կլինի։ Այսինքն ունենք վիճակ, որ ամբողջ 8 ամիս այդ նոր քննությունից հետո ՀՔԾ-ն, դատախազությունը, ունենալով բոլոր փաստական տվյալները, որոշում է, որ մեղադրանքը համապատասխանու է այդ հոդվածին, այդ հոդվածը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող ու միանգամից ծնվում է այլ հոդված։ Բացառված է վերաորակման հնարավորությունը։ Այն մարդիկ, որոնք կարծում են, որ վերաորակման ընթացակարգ կա, իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեն, նրանք մեկ անձի բարբաջանքներին տուրք տալով շարունակում են այդ գիծը առաջ տանել, որի հիմնական նպատակը որոշ անձանց մեղադրյալի կարգավիճակում տեսնելն է»,-ասաց նա։

Անդրադառնալով ՍԴ երեկ կայացրած որոշմանը, նա ասաց, որ իրենք դեռ 2018 թվականի հուլիսի 26-ից պնդում են, որ 300․1 հոդվածը սահմանադրականության խնդիր ունի:

«Մենք մեղադրանք առաջադրելու հետո՝ 2018 թվականի հուլիսի 26-ից պնդում ենք, որ 300․1 հոդվածը սահմանադրականության խնդիր ունի։ Այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ սահմանադրականության խնդիր չկա, նրանք մասնագիտական արժանապատվության զգացում բացարձակապես չունեին, եւ մենք ՍԴ-ից սպասում էինք՝ իրավունքը ծառայեցվելու է քաղաքական իշխանությա՞նը, թե՞ ամեն դեպքում վեր է լինելու ամեն ինչից։

Ընդ որում, մենք եւս Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը քննարկելու համար դիմում էինք ներկայացրել Սահմանադրական դատարան։ Մեր դիմումի ընդունումը մերժվել էր միայն մեկ հիմքով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, կիրառված չէ»,-ասաց նա։

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի մասով քրեական հետապնդման դադարեցմանը, փաստաբանն ասաց, որ օրինական երկրի դատարանում այդ որոշումն արդեն պետք է կայացված լիներ:

«Դեռ որոշում չկա, բայց օրինական երկրի դատարանում քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը արդեն պետք է կայացված լիներ։ Միջնորդության ներկայացում չի պահանջվում, ՍԴ որոշումն ինքնին դատարանի համար հիմք է եւ իր նախաձեռնությամբ պետք է այդ որոշումը կայացնի, տեսնենք, թե ինչ գործողություններ կիրականացնեն։

Եթե դատարանը կայացնի օրինական որոշում ՍԴ որոշումից հետո, մենք այլեւս երեքշաբթի օրերի պրոցեսի մասնակից չենք լինի»,-հավելեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»:

Այս խորագրի վերջին նյութերը