Քաղաքական

26.03.2021 21:12


Եվս մեկ անգամ հիմնավորվեց, որ «Մարտի 1»-ի գործը քաղաքական հետապնդում էր. Սեյրան Օհանյանը՝ ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին

Եվս մեկ անգամ հիմնավորվեց, որ «Մարտի 1»-ի գործը քաղաքական հետապնդում էր. Սեյրան Օհանյանը՝ ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին

Սահմանադրական դատարանի որոշումը արդարադատության հաղթանակn էր, ինչն արժանի առիթ է բոլորիս շնորհավորելու համար: Սահմանադրական որոշումից հետո բխում է, որ գործը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ամբաստանվում Էր ՀՀ ՔՕ-ի արդեն սահմանադրությանը հակասող ճանաչված 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալումը:

«Կարծում եմ՝ սրանից պետք է բխի հետևյալը, որ գործը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ պետք է կարճվի: Սա ևս մեկ անգամ հիմնավորում է այն վարկածը, որ այս ամենը պարունակում էր քաղաքական հետապնդում և մեղադրողները պետք է համապատասխան հետևություններ անեն, իսկ մենք փաստաբանական խմբի հետ համապատասխան քննարկումներ կիրականացնենք»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը նաև մեկնաբանեց իրավիճակը նշելով՝ իր համար ի սկզբանե անհասկանալի էր մեղադրանքի հիմքը: «Ինձ համար ի սկզբանե անհասկանալի էր այն մեղադրանքը, որը դրված էր իմ վրա և մեղադրանքի հիմքում այն տեքստն էր, որ ես ընթերցել եմ ներկայացնելով՝ արտակարգ դրության պահանջները և այն խնդիրները, որոնք արտակարգ դրությունից ելնելով կատարում են զինված ուժերը»,-նշեց նա:

Սեյրան Օհանյանը նաև շնորհավորեց բոլորին՝ արդարադատության հաղթանակի համար:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր, ըստ այդմ՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է:

Այս խորագրի վերջին նյութերը