Մեկնաբանություն

26.03.2021 20:05


Բյուջեի հաշվին կաշառող «գերագույնը»

Բյուջեի հաշվին կաշառող «գերագույնը»

Նախկինում, երբ Փաշինյանն իշխանությանը կից հաճախորդ էր աշխատում, իր սղոցող ձայնով 24/7 ռեժիմով աղաղակում էր, թե երկրի բյուջեն թալանվում է, համատարած կոռուպցիա է, իսկ ընտրությունների ժամանակ էլ իշխանությունը կաշառք է բաժանում։ Բայց դա չէր կաշկանդում նույն Փաշինյանին անամոթաբար ու հրապարակային կաշառք առաջարկել իր ընտրողներին։

Հիշեցնենք, 2017թ․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքով իշխանությանը կեղծ ընդդիմադրի ծառայություններ մատուցող քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ կհատկացնի այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից և կընտրեն իրեն։ Այսինքն, իբր ընտրակաշառքի դեմ պայքարելու շղարշի ներքո նա առաջարկում էր նաղդը թողած վերցնել իր նիսյա ընտրակաշառքը։ Դե քանի որ նախկին իշխանությունները Փաշինյանին շատ երես չէին տալիս ղժղժալու և իշխանությունների իրական ընդդիմադիրների դեմ ընդդիմություն անելու համար, ուստի Փաշինյանն ընտրակաշառքն առաջարկում էր բյուջեի հաշվին՝ ընտրվելու դեպքում իշխանական լծակը և մայրաքաղաքի բյուջեի գումարային հոսքի ծորակն իր ձեռքը վերցնելուց հետո։

Դե այն ժամանակ Փաշինյանը դեռ գերագույն թալանչի չէր, իր կնոջ անունով զանազան ատկատային հիմնադրամներ չէր ստեղծել, անկուշտ ձեռքը պետական բյուջեի ու Հայաստան համահայկական հիմնադրամի մեջ չէր մտցրել, այլ միայն էժանագին բուկլետների, մի մաշված ռուպռի ու տանիքից տանիք թռչկոտելու հույսին էր մնացած։

2017-ին ժողովուրդը մերժեց Փաշինյանին՝ չընտրեց քաղաքապետ, նրա առաջարկած նիսյա կաշառքն էլ մնաց զուտ խոստում։

Սակայն ո՞վ կմտածեր, որ մեկ տարի անց ժողովուրդն ընկնելու էր հոգեխանգարմունքի մեջ և այդ նույն խեղկատակին բերելու էր, իր գլխին վարչապետ կարգեր՝ թեկուզ լավ կյանքի, սոցիալական վիճակի բարելավման և արդարության հաստատման անկեղծ ակնկալիքով։

Փաշինյանը եկավ, քանդեց երկիրը, Արցախը հանձնեց թշնամուն, հազարավոր երիտասարդների սպանեց, տասնյակ հազարավորների հաշմանդամ դարձրեց, այժմ էլ ամբողջ Հայաստանն է տանում կործանման։

Բայց մինչև այդ ամենը գլուխ բերելը գերագույն թալանչին պետական բյուջեի հաշվին դեռ պետք է կաշառեր իր ուսապարկային թիմին՝ պաշտոններ, բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ տալով և օրենքի առաջ անպատժելի դարձնելով։

Սահմանադրական դատարանն էլ քանդելու համար կրկին բյուջեի հաշվին այնտեղ գործուղեց տերտերային առոգանությամբ Վահե Գրիգորյանին, ով ինքն էլ խոստովանեց, որ աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ, պարգևավճար և ծառայողական ավտոմեքենայի համար բենզին է ստանում պետության հաշվին։

Փաշինյանը բարձր կենսաթոշակով նաև փորձեց կաշառել իրեն չհնազանդվող և իր հիստերիկ ու անօրինական կապրիզները չդակող ՍԴ դատավորներին։ Սակայն, ի պատիվ իրենց՝ դատավորները մերժեցին Փաշինյանին, չընդունեցին վաղ կենսաթոշակի անցնելու նրա առաջարկը և հավատարիմ մնացին օրենքին ծառայելու իրենց երդմանը։

Գերագույն թալանչին պետբյուջեի հաշվին կաշառեց նաև Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանց։ 30 մլն դրամի դիմաց, օրինակ, Սարգիս Քլոյանը պետք է գնար դատարան, շոու սարքեր, պախարակեր 2008թ․ սահմանադրական կարգը պահպանած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպաներ իր որդուն մահվան բերան տարած, իսկ հետո հանցագործության վայրից ծլկած Նիկոլ Փաշինյանին։ Ցավալի է, բայց, փաստորեն, ոմանց մոտ փողն անգամ արյունն է ջուր դարձնում։

Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլի միակ դաշնակիցը կրկին մնացել է փողը ու բացառապես փողը։ Թիմակիցներին նա փողով է իր կողքին պահում (չհաշված՝ կոմպրոմատները), թուրքերի հետ էժան կանաչի ու լոլիկ ծախելու արդյունքում լավ ապրելու կտերով է կերակրում իր պողոսային զանգվածին, իսկ մայրաքաղաքում 10 մետր Ա կետից Բ կետ ոստիկանական հոծ շարքերի ու դիպուկահարների շնորհիվ տեղաշարժվելն ապահովելու համար էլ ապրիլի 1-ից բաձրացնում է ոստիկանների աշխատավարձը։ Իհարկե, կրկին բյուջեի հաշվին, ու միայն ՊՊԾ-ի այն աշխատակիցներինը, որոնք ապահովում են իր անվտանգությունը։ Նրանց աշխատավարձը Փաշինյանը բարձրացնում է գրեթե 100 տոկոսով։

Ահա այսպիսի սովորական թալան։ Կարևորը, որ գերագույն թալանչին սիրում է ձեզ, հպարտանում է ձեր անողնաշարությամբ և խոնարհվում ձեր ստրկամտության առաջ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը