Կարծիք

30.05.2011 00:16


Վարչախումբը թույլ է եւ արդեն ուշացել է

Վարչախումբը թույլ է եւ արդեն ուշացել է

Եթե ասենք, որ վարչախումբը լարված վիճակում է, ապա իրավիճակը մեղմ կներկայացնենք: Եթե ասենք, որ Հայ ազգային կոնգրեսի շարքերում իսկական շփոթ է, ապա գրեթե ոչինչի չենք ասի: Բավական է հետեւել Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին եւ ակնհայտ կդառնա, որ վարչախումբը կորցրել է երկիրը ղեկավարելու թելը, որը, անկեղծ ասած, երբեք չի էլ ունեցել:

Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա նրա ղեկավարներն արդեն հասկացել են, որ այլեւս չեն կարող գեղեցիկ խոսքերով եւ հեղափոխական ելույթներով թյուրիմացության մեջ գցել ժողովրդին: Հասկացել են, եւ գործը հասել է նրան, որ Կոնգրեսին ստիպված գովերգում են հենց իրենք` Կոնգրեսի առաջնորդները եւ մի քանի ֆանատներ, որոնց իշխանական մամուլում արդեն տեղ են հատկացնում:

Կոնգրեսից արդեն հրապարակայնորեն երես են թեքում նաեւ նրանք, ովքեր հանգամանքների բերումով ՀՀՇ-ում տեղի ունեցած հեղաշրջումից հետո մնացել էին այնտեղ:

«Սա իմ պատկերացրած երկխոսությունը չէ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը եւ պարզ հասկացրեց, որ ինքը Կոնգրեսի հետ կապ չունի: Սա մի վառ օրինակ է, թե ինչ է լինում, երբ ժողովրդի թիկունքում գործարքներ են կնքվում:

Խառնաշփոթ է ոչ միայն Կոնգրեսում, այլ նաեւ վարչախմբի ներսում: Եթե անկեղծ լինենք, ապա այստեղ խառնաշփոթը մի շարք հասկանալի պատճառներով ավելի մեծ է: Այսօր վարչախումբն այնքան թույլ է, որ հույսը դրել է հեղինակազրկված Կոնգրեսի աջակցության վրա եւ խուճապի է մատնվում միայն այն տեղեկությունից, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ամենահետաքրքիրն այն է, որ երբ դեռ մամուլում տեղեկություններ չկային Պուտին-Քոչարյան հանդիպման մասին, վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներից մի քանիսը փորձեցին ժողովրդին, իսկ իրականում իրենք իրենց համոզել, որ Պուտինը, այլ կերպ ասած Ռուսաստանը չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա:

Եթե վարչախումբը իր գոյատեւման միակ հույսը կապում է Մոսկվայի աջակցության եւ մասամբ նաեւ Կոնգրեսի հետ, ապա կարելի է պարզ տեսնել, թե ինչ խղճուկ վիճակում է Հայաստանը կառավարող ուժը:

Վարչախումբը հասկանում է, որ զուրկ է հանրային աջակցությունից, հասկանում է, որ Կոնգրեսի վրա չի կարելի երկար հույս դնել, հասկանում է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակն այնքան վատ է, որ մինչեւ հաջորդ ընտրություններ, հազիվ թե, դրական փոփոխություններ լինեն, եւ փորձում է ժողովրդին վախեցնել իրականում վարչախմբի ու Կոնգրեսի՛ վախը բռնած Քոչարյանի վերադարձով եւ առկա խնդիրներից ուշադրությունը շեղել զանազան շուուներով` Արման Հովհաննիսյանի կամ Գոհարի համերգներով, քաղբանտարկյալների ազատ արձակումով: Բայց դե բոլորն են հասկանում, որ համերգներն ու շոուները շուտով ավարտվելու են, եւ մնալու է ոմանց համար դառը իրականությունը:

Վարչախումբը չի կարող չնկատել տեղի ունեցող գործընթացները: Նկատում են եւ խուճապի մատնվում: Հասկանում են, որ իրենց ազդեցությունից դուրս գտնվող ուժերը ի վիճակի են արմատապես փոխել քաղաքական դաշտի դասավորությունը եւ մթնոլորտը:

Ամենահետաքրքիրն այն է, որ այսօր վարչախումբը չունի նույնիսկ նրանց աջակցությունը, ովքեր ժամանակին Սերժ Սարգսյանին օգնեցին զբաղեցնել նախագահի պաշտոնը: Հիմա նրանք եւս հասկանում են, որ իրենց նախկին հովանավորյալը չի տիրապետում իրավիճակին: Վարչախումբն էլ փորձում է նրանց համոզել, թե ամեն ինչ կարգին է, եւ որ ամեն ինչ վերահսկվում է: Ընդ որում, այս նպատակին հասնելու համար նույնիսկ շեշտվում է, թե քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ որոշ ձեւական զիջումները թուլության նշան չեն: Ավելին, լուրեր են տարածում, թե ներիշխանական համակարգում առկա քաոսի նախաձեռնողը հենց Սերժ Սարգսյանն է, որն այդ քայլին գնացել է ռազմավարական հաշվարկներից ելնելով: Եթե այս ամենն այսքան տխուր չլիներ, ապա կարելի էր մի լավ զվարճանալ: Բայց հիմա զվարճանալու ժամանակ չկա: Երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում եւ պետք է անպայման դուրս գալ այս իրավիճակից: Իսկ դուրս գալու համար անհրաժեշտ է որակապես նոր քաղաքական ուժ, որն իր վրա կվերցնի Հայաստանն այս վիճակից հանելու պատասխանատվությունը եւ ժողովրդին հստակ եւ պարզ ծրագիր կներկայացնի:

Ժողովուրդը սպասում է փոփոխությունների: Բնականաբար, վարչախումբն էլ գիտի, թե ինչ սպասումներ ունի ժողովուրդը, եւ չնայած թույլ է եւ խոցելի, բայց փորձում է նույնիսկ այս իրավիճակում իրականություն դարձնել մեկ երկիր` մեկ օլիգարխ խայտառակ ծրագիրը, որը ենթադրում է սեփականության արմատական վերաբաշխում:

Այլ կերպ ասած, օգտվելով ժողովրդի դժգոհությունից եւ Կոնգրեսի հետ փաստացի կքնված դաշինքից՝ փորձ է արվելու հարձակվել խոշոր բիզնեսի վրա եւ նրանց, այսպես ասած, կուլակաթափ անել: Վարչախումբը հույս ունի, որ այս գործում կստանա ժողովրդի աջակցությունը: Բայց նրանք սխալվում են, քանի որ հայ ժողովուրդը որքան էլ աղքատացած եւ նվաստացված լինի, այսուհանդերձ, չի կորցրել առողջ դատելու ընդունակությունը եւ հստակ տեսնում է, թե ինչ նպատակ ունի երկիրը ղեկավարող վարչախումբը:

Վարչախմբի նպատակները հասկանալի են նաեւ բիզնեսի բոլոր շերտերին: Այնպես որ, որեւէ մեկը չի պատրաստվում թուլանալ եւ հաճույք ստանալ: Վարչախմբի եւ Կոնգրեսի գնացքն արդեն գնացել է, իսկ նրանք էլ ուշացել են գնացքից: Հիմա այլ ժամանակներ են եւ այլ գործընթացներ են սկսվել, որոնք վարչախմբի եւ նրա հետ ժողովրդի թիկունքում գործարք կնքած Կոնգրեսի ծրագրերի մեջ չէին մտնում:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը