Մեկնաբանություն

25.03.2021 18:15


«Թավշյա» անբարոյական նկարագիր, թե բա՝ «չեմ պատրաստվում իրենց իշխանության մեջ լինել»

«Թավշյա» անբարոյական նկարագիր, թե բա՝ «չեմ պատրաստվում իրենց իշխանության մեջ լինել»

Այն բանից հետո, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի (կարգավիճակով՝ փոխնախարար) պաշտոնն զբաղեցնող մոլի նիկոլական Տարոն Չախոյանը բռնվեց կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու վրա, նա ջնջեց աղմկահարույց լուսանկար-գրառումը և... ներողություն խնդրեց:

Հիշեցնենք, օրերս նիկոլ փաշինի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, միտումնավոր նենգափոխելով իրականությունը, հրապարակել էր 2017 թվականի աշնանը ուկրաինական մի քաղաքում արված կեղտոտ փողոցի լուսանկար և պնդում էր, որ դա Երևանի Բաղրամյան պողոտան է այս տարվա մարտի 23-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կողմից պողոտայի այդ հատվածի շրջափակումը դադարեցնելուց հետո: Երբ, մեղմ ու պատկերավոր ասած՝ «շան լափը» գլխին լցրեցին ու մերկացրեցին նրա քարոզչական «կապիկությունը», Տարոն Չախոյանը ջնջեց գրառումն ու, կրկնենք, ներողություն խնդրեց:

Չներեցին:

Ու համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել «տարօրինակ պատերազմից» հետո նրա՝ Տարոն Չախոսյանի և մի օգտատիրոջ միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը (չատի ձայնային հաղորդագրության ռեժիմով արված):

Այդ «կոմպրոմատի» մեջ շատ հետաքրքիր նրբերանգներ կան: Մասնավորապես այն, որ Տարոն Չախոյանը զրուցակցուհուն փորձում է համոզել, որ ինքն, իբր, անկողմնակալ, անկաշառ, օբյեկտիվ վերլուծություն է անում, որ ինքն էլ մի շարք հարցեր ունի նիկոլ փաշինի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ու նրա՝ Արցախի ՊԲ հրամանատարական բունկերում հայտնվելու վերաբերյալ և այլն, և այլն. «Ու էդ հարցերի պատասխանները ինքս էլ եմ ուզում ստանամ: Էս ո՞նց ա սենց բաներ ստացվում: Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով...»:

Ձայնային հաղորդագրություններով այդ խոսակցությունը տեղի է ունեցել «տարօրինակ պատերազմի» ավարտից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերին:

Պետք է ենթադրել, որ փաշինի տիկին Աննա Հակոբյանը լիարժեք բավարարել է Տարոն Չախոյանի հետաքրքրասիրությունը և պատասխանել է նրան իբր թե հետաքրքրող բոլոր հարցերին: Այլապես հիմա ներկայիս պաշտոնում չէր լինի:

Ամենից ուշագրավը և ինչպես ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի կեղտոտ փողոցի նկարը հանրության վրա որպես «Բաղրամյան պողոտա» նաղդողն ինքն է սիրում ասել՝ խորհրդանշականն այլ բան է: Այն, որ Տարոն Չախոյանը ասում է. «Ո՛չ իրանց կուսակցությունից եմ, ո՛չ իրանց հետ իշխանություն եմ երբևէ կիսել, ոչ էլ պատրաստվում եմ կիսել»:

Դա 2020-ի նոյեմբերին: Իսկ 2021-ի փետրվարին, հո՛պ, Տարոն Չախոյանը, հենց նա, որ ո՛չ ՔՊ-ից է, ո՛չ «իրանց հետ» իշխանություն, ոչ էլ երբևէ պետրաստվում էր լինել, սիրահոժար ընդունում է թրքահպատակ նիկոլի ստրուկ դառնալու առաջարկությունը և վազեվազ ստանձնում նիկոլ փաշինի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Այսքանը բավարար է, որպեսզի տրվի ևս մեկ նիկոլականի «թավշյա» անբարոյական նկարագիրը:

Սակայն սա մեկ այլ բան էլ է հուշում: Այն, որ նիկոլ փաշինի գրեթե ամբողջ կազմը հենց նման անբարոյական նկարագիր ունեցողներից էլ կազմված է: Սրանք չունեն ոչ մի սկզբունք, ոչ մի գաղափարական ընդհանրություն ու ոչ էլ՝ ինքնահարգանք: Սրանց միավորում է խառը վիճակում «պարգևավճարային» թալանը, որոշների դեպքում՝ կոլեկտիվ ոճրագործության պարագան և բռնատիրական, հակահայ աղանդի ադեպտ լինելը:

Թրքահպատակների այս պետականակործան դուրսպրծուկների («պռախաձիմեցների) համար որևէ բարոյական գիծ չկա. այսօր կասեն, թե հարցեր ունեն, թե այդ ո՜նց է եղել, վաղը, հենց մի թուլափայ պաշտոն կամ «պարգևավճար» տան, «Մաուգլի» մուլտֆիլմից շատերին հայտնի չախկալի նման պոչները կմտցնեն ոտների արանքն ու կքսմսվեն «թավշյա» ու դարչնագույն ֆյուրերին:

Վերջինս, նկատի ունենք նիկոլ փաշինը, կարծում ենք, նույնպես հասկանում է, որ դա է վիճակը: Դրա «թիմի» համախմբվածությունը մինչև «արտահերթ ընտրությունների» իրենց ցուցակի առաջին տարբերակի հրապարակումն է: Իսկ վաղը, մյուս օրը, եթե «արտահերթ ընտրություն» խեղկատակությունն իսկապես տեղի ունենա ու պարզվի, որ նավակում ոչ բոլորի համար է տեղ գտնվել, ոմանք բացահայտվելու են որպես նիկոլ փաշինի ու աննա հակոբյանի բուռն և անզուսպ քննադատներ, դեռ մի բան էլ փորձելու են համոզել, թե իրենք միշտ են այդ դիրքորոշմանը եղել, իսկ իշխանություն էլ մտել են... այն ներսից քայքայելու նպատակով:

Կարճ ասած՝ պետական դավաճանության հոդվածով մեղադրվելու ենթակա նիկոլ փաշինը շրջապատված է դավաճան-թիմակիցներով: Իր հերթին, նրա ներքին, առանց այդ էլ սրված կասկածամտությունը անխուսափելիորեն պարպվելու է իր իսկ թիմակից համարվողների վրա: Նման դրսևորումներ, երբ փաշինի ամբողջ կազմը, բորենաբարո ոհմակի նման հարձակվում է «թիմը լքողի» վրա, ի դեպ, այս ընթացքում մեկ անգամ չէ, որ արձանագրվել են:

Մի խոսքով, իշխող թիմ մի ասա, իրար վրա ֆշշացնելու պատրաստ օձերի խուրձ ասա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը